Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք Ազգային Ժողովոի հերթական նիստի հայտարարությունների ժամին ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ամբողջությամբ․
«Սիրելի հայրենակիցներ, ես բազմիցս խոսել եմ օրվա իշխանությունների կողմից ՏԻ ոլորտում ժողովրդավարության հիմնական սկզբունքների բազմակի խախտումների մասին, խոսել եմ համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների նկատմամբ իշխող խմբակցության անհարգալից վերաբերմունքի, անտեսման, արհամարհման մասին:
Դրա ամենապարզ ապացույցը ՏԻՄ օրենքում այնպիսի չտրամաբանված փոփոխությունն է, որի արդյունքում կայացած ընտրությունների, ընտրված ավագանու պարագայում, երբ համայնքը իր ընտրությամբ հստակ արտահայտել է, թե որ քաղաքական ուժին է տալիս իր համայնքը ղեկավարելու վստահությունը, չգիտես ինչու քաղաքական մեծամասնությունը վարչապետին տալիս է լիազորություն՝ իր հայեցողությամբ նշանակելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Այս ամենը հակասում է սահմանադրությամբ, վավերացված միջազգային փաստաթղթերով, օրենսդրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքին:
Հաշվի առնելով այս ամենը, ես և ՏԻ հարցերով հանձնաժողովի անդամ իմ գործընկերները հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդի քվեարկության նկատմամբ հարգանքի պահպանումն է:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ վարչապետը պետք է տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով վերջինիս ներկայացուցչին նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, ինչը հիմանվորվում է նրանով, որ համայնքի բնակիչները իրենց ընտրությամբ արդեն իսկ որոշել են, թե որ քաղաքական ուժին վստահել համայնքի կառավարումը, այդ թվում` մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Սույն օրենսդրական նախաձեռնությունը -համահունչ է ժողովրդավարական և ազատ ընտրությունների արդյունքների նկատմամբ պետական հարգանքի դրսևորմանը, դրա ապահովմանն ու երաշխավորմանը: Ավելին` ընտրությունները հանդիսանում են ժողովրդին պատկանող իշխանության իրացման բարձրագույն, ուղղակի և անմիջական դրսևորում: Հետևաբար խիստ անհրաժեշտ և իրավաչափ է ժողովրդի իշխանության իրացման, նրա ազատ կամահայտնության միջոցով ամենից մեծ թվով մանդատներ ստացած խմբակցության ներկայացուցչի նշանակումը վարչապետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարագայում»: