կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 12:14
Քաղաքական

Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն. Ռուստամյան

Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից:

Ըստ պատգամավորի` վաղ է խոսել, թե ինչ բանակցային տարբերակ կառաջարկվի` վերջին իրադարձությունների հետ կապված, բայց երեք սկզբունքները, որոնք դրված են կարգավորման հիմքում, արդեն խոսում է այն մասին, որ  97-98թթ. հետ համեմատելու եզրեր չկան, և համեմատությունն էլ կոռեկտ չէ: Ռուստամյանի խոսքով՝ մենք երկար ժամանակ ունեցել ենք երկու սկզբունք, այն էլ` աղավաղված, մեկը՝ տարածքների վերադարձ` հանուն խաղաղության, որը մերժվեց, մյուսը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, որը նույնպես չընդունվեց:

«Ներկա փուլում հարց ունենք, որը, կարելի է ասել, մի մասով լուծվեց: Այն է՝ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը տպավորություն ստեղծի, թե կողմ է խաղաղ բանակցություններին: Մեր դիվանագիտական սխալն է եղել, որ, երկակի ստանդարտներ կրելով, Ադրբեջանն աննորմալ ձևով տարել է իր ագրեսիվ քաղաքականությունը: Ուրեմն` եթե բանակցում ենք, գնդացիրներն ու հրետանին պետք է լռեն, եթե այդպես չէ, խոսել բանակցությունների մասին անիմաստ է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նախ պետք է ամրագրել հրադադարի ռեժիմը, ներդնել հետաքննության մեխանիզմներ, դրանից հետո միայն կարելի է խոսել մի նոր փուլի մասին, այն էլ` հանդիպումների փուլի մասին, ոչ թե` բանակցությունների:

«Բանակցություններ մինչև հիմա տեղի չեն ունեցել, քանի դեռ երեք կողմերի մասնակցությունը չկա: Հանդիպումը երկու նախագահների միջև բանակցություն չէ, այլ հանդիպում՝ բանակցություններ կազմակերպելու համար: Եվ քանի դեռ Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, ուրեմն դրանք բանակցություններ չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: