Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը գտնվում է խորը անվտանգային ճգնաժամի մեջ. իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջին իրավիճակը նաեւ ցույց տվեց, որ չեն կարողանում նաեւ ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավարությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով եւ այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Բաքվի ու Անկարայի դերը այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, լծակները՝ ազդելու Բաքվի ու Անկարայի վրա եւս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից»,- նշեց երկրորդ նախագահը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այս իրավիճակում անվտանգային հարցերն անտեսելը հանցավոր անգործություն է.
«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում դա նշանակում էր, որ նման սպասելիքներ չկան։ Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ, դրված այլ հիմքերի վրա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից կա պարտադրանք՝ որոշում կայացնելու, մյուս կողմից կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել։ Մի գուցե սա է այդ գործոնը, որը կիսակախ վիճակում է թողել սպասվելիք որոշումները։ Այս ամենը օրինաչափ հետեւանք է այն քաղաքականությանը, որը տարվել է Հայաստանում 2018 թվականից եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է. «Եթե լինենք կոպիտ, ապա հասցրել ենք պլենտուսի մակարդակի։ Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե այդ սեղանի շուրջ։ Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը դարձնել մուրացկանության մակարդակի»։