կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 17:42
Մշակույթ

«Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը ներկայացվել են արցախյան ընթերցողին

«Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը ներկայացվել են արցախյան ընթերցողին

Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: «Հնչող ձայներ»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ստեղծագործությունների ժողովածուն։
Այն տպագրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից:
Համազգային հայ կրթական և մշակութային միության տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ գրքում տեղ են գտել Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների ստեղծագործությունները, ովքեր մի ձեռքին՝ զենքը, մյուս ձեռքին՝ գրիչը գնացին մարտի:

«Արցախից ներկայացված են երիտասարդ գրող Հայասեր Հովսեփյանի բանաստեղծությունները և Արցախյան առաջին պատերազմում նահատակված շնորհալի գրող Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: «Հնչող ձայներ»-ն այն տղաների ձայներն են, որ պետք է հավերժ հնչեն մեր բոլորի հոգում, մտքում, սրտում, և պետք է սերունդներին փոխանցվի այդ ձայնը, որն առաջին հերթին պետք է լինի սթափության, ներկայից, անցյալից դասեր քաղելու ձայն»,- իր խոսքում ասել է Հ. Ավագյանը:

«Հնչող ձայներ»-ի գաղափարը Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանինն է, մտահղացումն առաջացավ հենց պատերազմի օրերին: Խոսելով գրքի ստեղծման մասին՝ նա նշել է, որ նահատակված տղաները երբեք լուռ չեն. «Եռաբլուրում լռություն չկա: Տղաները խոսում են մեզ հետ և մեկ բան են պատգամում: Նրանց բոլոր պատգամները հայրենիքի մասին են, մեզ արժանապատվություն, ապրելու իրավունք փոխանցում են այս հերոս տղաները: Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է մոռանալ այն տղաներին, որոնց արյունով մեր հողն ավելի է սրբացել, մեր հայրենիքի այս հատվածը ավելի սիրելի դարձել»:  

Հադրութեցի Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գիրքը հեղինակի 5-րդ գիրքն է:  Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված գիրքը խտացված գույներով ներկայացնում է պատերազմին նախորդող ժամանակահատվածի և հաջորդող իրողությունների տրամադրությունները:

«Նախորդ գրքերիս օրինակները մնացել են Հադրութում, այս գրքի հիմնական ստեղծագործությունները պահպանվել են ֆեյսբուքի միջոցով, ձեռագրերը չկան»,- նշել է հեղինակը՝ ավելացնելով, որ իրեն ոգեշնչում է  բառը, տողը, բանաստեղծությունը, իսկ ստեղծագործել «ստիպում է» ներկա իրավիճակը:

Գրքում մի քանի բանաստեղծություններում են նկարագրվում բուն պատերազմական գործողությունները, որին հաջորդում են պատերազմի թողած ավերածությունները, բազմաթիվ զոհերը, սեփական երկրում գաղթական դարձած արցախցիների մի մասը, քաղաքական իրավիճակը:

Նախքան արցախյան շնորհանդեսը «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը ներկայացվել են հայաստանյան ընթերցողներին: