Հայաստանի Հանրապետության անկախության այս հոբելյանին անկախության արժեքն ամենաշատն ենք զգում, որովհետև այն, առավել քան երբևէ վտանգված է։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
«Անկախության 30-ամյակը նշում ենք անկախության մեծագույն ձեռքբերման՝ մեր լինելիություն-Արցախի մեծ մասի կորստի, պարտության, հազարավոր զոհերի, տասյնակ գերիների, մեր երկրի սահմաններն ամեն օր ոտնձգող թշնամու ներկայության, ապագայի հանդեպ խիստ անորոշության պարագայում։
Սակայն սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Առավել քան երբևէ՝ հանձնվելու, նահանջելու, մեր պետականությունից հրաժարվելու իրավունք չունենք։ Վերջին շուրջ 100 տարում, և դրանից էլ առաջ Հայաստանի անկախության զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ մեզանից դա են պահանջում։
Այդ պայքարի ճանապարհին Հայաստանի անկախությունը մսխած, պետության ազգային հիմները խարխլած, մեր ինքնության և եկեղեցու դեմ արշաված իշխանությունն իր էությամբ իսկ խոչընդոտ է, որից պետք է ձերբազատվել։
Միաժամանակ մեր ժողովրդի ու պետության կարող անձինք և կազմակերպությունները պիտի աշխատեն՝ հնարավորինս ուժեղացնելու մեր պետությունը, կանխելու ժողովրդի հիասթափությունն ու հետևողական աշխատանքով վերականգնելու մեր պետության երբեմնի ուժը, համբավն ու հաղթանակությունը։
Առավել քան վստահ եմ՝ մենք պատշաճ կերպով դեռ տոնելու ենք այս կարևորագույն տոնը, իսկ ներկա ողբերգությունը մեզ ուժեղացնելու է ապագայի հարվեծներին իբրև պետություն և հասարակություն առավել լավ դիմագրավելու և այլևս չսխալվելու համար։
Շնորհավոր բոլորիս տոնը»,- գրել է նա։