կարևոր
1279 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 10:18
Հասարակություն

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում ․ «Ժողովուրդ»

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Հետքը» հանրայնացրեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թոշակառու հայրը առանձնատուն է կառուցում Սևանա լճի ափին, միևնույն ժամանակ Երևանում դատապարտում են բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին, որ լինելով 2 օրվա նախարար՝ չի արգելել կառուցել առանձնատուն նույն համայնքում:

Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ընտրովի արդարադատության պտուղները հերթական անգամ վայելում է հանրությունը՝ մի կողմում տեսնելով, թե ինչպես է «Օփել»-ի վարորդներին «համբալ» անվանած Արմեն Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի հայրը, Շողակաթ համայնքում՝ Շորժայում, շքեղ առանձնատուն կառուցում, իսկ մյուս կողմում էլ, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է «Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի դատը, որտեղ Արծվիկ Մինասյանին մեղադրում են, որ իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ, նույն Շորժայում կառուցվել է առանձնատուն, բայց նա միջոցներ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Տեղեկացնենք, որ Շողակաթ համայնքի ղեկավարը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի շիշ բռնողի) քավորն է՝ Սուլիկո Շուշանյանը, և, բնականաբար, հողհատկացումը արվել է նաև նրա կողմից:

Շինարարության թույլտվության պատասխանատուներն են նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Ահա այս պաշտոնյաների թողտվությամբ է Սևանա լճի ափին վեր խոյանում Ավինյանի առանձնատունը, իսկ ընդդիմադիրները նույն արարքի համար դատարանի դռներն են ընկել»։