կարևոր
1273 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 13:49
Քաղաքական

ՀՀ-ն է ապահովում ճանապարհի անվտանգությունը. Իրանի արտաքին գործերի նախարար

ՀՀ-ն է ապահովում ճանապարհի անվտանգությունը. Իրանի արտաքին գործերի նախարար

Երևանը կարողացել է Թեհրանին բացատրել, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը Իրանի համար խնդիրներ չեն առաջացնի։ Այս մասին IRNA-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ միաժամանակ նշելով, որ այս պահին համաձայնությունների մասշտաբները դեռևս ամբողջությամբ պարզ չեն։

«Հայաստանի վարչապետը՝ պարոն Փաշինյանը, զանգահարեց մեր նախագահին, նրանց արտաքին գործերի նախարարը զանգահարեց ինձ, նրանք իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան, նրանք սպառիչ բացատրություններ տվեցին։ Տեղի ունեցածը և այն, ինչ պետք է տեղի ունենար, որ կոչվում էր «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբեր բաներ են։ Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենալու, մտահոգիչ չէ, քանի որ կան մտահոգություններ, որոնք ես կբարձրաձայնեմ»,- ավելացրել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկման սկզբում հիմնական գաղափարը հայկական Սյունիքի մարզը գրավելն ու Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ ստեղծելն է եղել։

«Այն ժամանակ խոսվում էր 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու շրջանները և կլիներ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո, և մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք։ Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ապահովեցինք ռազմական ներկայություն։ Սակայն Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառվում են։ Այժմ այս բոլոր գաղափարները վերածվել են մի ճանապարհի, որը կառուցվում է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերության կողմից և Հայաստանի օրենքների ու իրավասության ներքո։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո»,– նշել է Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ ամերիկյան զորքեր սահմանին չեն տեղակայվի, այսինքն՝ բոլոր իրանական կարմիր գծերը հարգվում են։