կարևոր
889 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 11:15
Քաղաքական

Վաշինգտոնյան Հռչակագրի ճակատագրական սխալը․ Կարեն Խանլարյան

Վաշինգտոնյան Հռչակագրի ճակատագրական սխալը․ Կարեն Խանլարյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․

«Վաշինգտոնյան հռչակագրի 2-րդ կետը խոսում է՝ «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ» Ադրբեջանի և Հայաստանի «համատեղ դիմումի» մասին, իսկ 5-րդ կետը՝ «երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու» և «վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում» վճռականորեն մերժելու և բացառելու։

Նախ հաստատենք, որ Արցախյան շարժումը երբեք չի եղել՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ազգամիջյան թշնամանքի արդյունք, այլև եղել է և կշարունակվի մնալ հայրենի բռնագրավված Արցախի ազատագրության և ինքնորոշման համար մղվող պայքար։ Հետևաբար սույն ազատամետ և արդարատենչ շարժման էջը, հակառակ՝ ՔՊ-ական հակազգային իշխանությունների կամքին ու բարբաջանքին, չի փակվել։

Երբ փակվում է ազգային հարցի համաչափ լուծման բանակցային հնարավորությունը, տրամաբանորեն բացվում է հարցի անհամաչափ լուծման ճանապարհը՝ շարժումը մղվում, տեղափոխվում է հեղափոխական փուլ։ Սա աքսյոմատիկ դետերմինիզմ է, որը գործել և գործում է մարդկային պատմության ողջ երկայնքով, որը այսուհետ գործելու է անխուսափելիորեն և անհրաժեշտաբար նաև Արցախյան շարժման դեպքում»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։ 

Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։ 

Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։