Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 19:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը ցանկացած պահի կարող է ունենալ Շուշիի ճակատագիրը, իսկ ամբոխը ծափ կտա․ «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Շուշիի կերպարվեստի, պատմության ու երկրագիտության թանգարաններում եւ Շուշիի պատկերասրահում մնաց ամեն ինչ, քանի որ մեր առջեւ տարհանման խնդիր չկար։ Բայց մենք ունեինք արժեքները փրկելու խնդիր, եւ այդ ժառանգությունը փաթեթավորեցինք եւ տեղափոխեցինք ռմբապաստարաններ։ Մեզանից ոչ ոք չէր կասկածում, որ Շուշին կընկնի,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ վերջին րոպեն իրենք չեն էլ իմացել, որ Շուշին հանձնվելու է թշնամուն, իսկ ամեն ինչ մնա այնտեղ։ 

«Մինչեւ նոյեմբերի 7-ը մեր աշխատողը թանգարանում էր։ Թշնամու դիվերսանտները Շուշիում էին, բայց մեր աշխատողը ինձ վերջին ժամերին զանգեց ասաց ի՞նչ անեմ, թանգարանը փակե՞մ։ Արդեն մեզ տարհանում են, քանի որ միայն զինվորականներն իրավունք ունեն մնալու։ Ես աշխատողին ասացի՝ եթե այդպես է, 2-3 օրով դուրս գանք, որպեսզի քաղաքի պաշտպանությունը կազմակերպենք, հետո կվերադառնանք»,-պատմեց Գասպարյանը։

Թշնամուն նվիրաբերված Շուշիում, ինչպես հայտնի է, հայկական մշակութային ցեղասպանություն է իրականացվում։ Լուսինե Գասպարյանի խոսքով՝ կապիտուլյացիայից հետո քարտեզներից ու արբանյակային լուսանկարից ենթադրում են՝ թանգարաններն իրենց տեղում են, բայց թշնամին մի քանի շաբաթ առաջ վերացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանին կից քանդակների պուրակը։

«2-3 օր առաջ տեսա, որ Ալիեւն ու կինը շրջում են մեր կերպարվեստի թանգարանում, այնտեղ ինչ-որ ցուցահանդես են բացել եւ օգտագործում են թանգարանը որպես պատկերասրահ»,-Yerkir.am-ին ասաց «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, Գասպարյանը նկատեց՝ դա գիտակից մարդու հայտարարություն չէր։

«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչո՞ւ է այդ մարդն այդ նախադասությունն ասել, բայց Շուշին մինչեւ հիմա ու երկար տարիներ մեզ համար մնալու է աշխարհի ամենագունագեղ, ամենահայկական ու ամենապայծառ քաղաքը։ Ոչ մեկը դեռ չի գիտակցում կատարվածը։ Վատ երազում անգամ ոչ ոք չէր պատկերացնի այս սցենարը։ «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ը գործում է մինչեւ օրս, աշխատողներն աշխատավարձ են ստանում, իրականացնում ենք կրթական ծրագրեր, այցելում ենք սահմանամերձ բնակավայրեր։ Ստեփանակերտում շուտով կբացվի մեր հավաքածուից մնացած նմուշների թանգարան։ Այն գործերը, որոնք պատերազմի ժամանակ գտնվում էին ժամանակավոր ցուցադրություններում, կհավաքվեն մի տեղում»,-նշեց Լուսինե Գասպարյանը։

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանում նշվելու է գունագեղ, Լուսինե Գասպարյանն ասաց՝ ի՞նչ գունագեղ, երբ երկիրն այս վիճակում է։

«Ինչպե՞ս կարող է լինել գունեղ, եթե մեր վերքերը դեռ արնահոսում են, մեր զոհերի տարին դեռ չի լրացել ու անթաղ աճյուններ ունենք, գերության մեջ բազմաթիվ տղաներ ունենք, ինչպե՞ս կարող ենք տոնակատարության մասին խոսել․ դա աբսուրդ է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ օրը չպետք է տնից դուրս գա կամ պետք է այցելի միայն Եռաբլուր։ Թե ինչո՞ւ ենք այս վիճակում, ինձ թվում է՝ գիտակից, ադեկվատ մարդու ձայնն ուղղակի լսելի չէ, այսօր լսելի է տգետ մասսայի ձայնը, որ չի գիտակցում պահի լրջությունը»,-Yerkir.am-ին ասաց Լուսինե Գասպարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում