|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Հանդիսավոր մթնոլորտում դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվել է Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմից։
Այսպիսով, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվել է ևս մեկ վերաօծված եկեղեցիով:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:
Աստծու տան վերաօծման արարողությանը ներկա են եղել հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Հինավուրց եկեղեցու վերաշինության աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար Արտակ Իսպիրյանի բարեգործությամբ: Բարերարի խոսքերով, նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու, պսակ, մկրտություն և այլ կրոնական արարողությունները բարեկարգված եկեղեցում իրականացնելու հնարավորություն: