Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2022 թվականի փետրվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրվան:
Սրբազան արարողությանը ներկա էին հոգևոր և սարկավագաց դասը, թբիլիսահայ մտավորականներ, հավատացյալներ: Օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:
Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում: Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:
Տեր Վիրապը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: Իր քարոզում հոգևոր հայրը արժևորեց հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները և հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը:
Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության աղերսով:
Օրհնելով ներկաներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանն իր քարոզչությունում ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց տոնը այն հերոս զինվորների հիշատակի օրն է, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելու և հավատքին հավատարիմ մնալու մաքառումներով: Դրանք նաև այն 44-օրյա արցախյան պատերազմի 5-հազարից ավելի զոհերն են, որոնց հիշատակը պահպանվում է ազգի ու ժողովրդի հոգում:
Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Ուկրաինայում կատարվող իրադարձություններին, որոնք մահ ու ավերածություն են սփռում շուրջբոլորը: Հայր Սուրբը ներկաներին հորդորեց մոտ լինել Աստծուն, ներկա գտնվել եկեղեցիներում կատարվող Սբ.Պատարագներին և բոլոր ծիսակատարություններին, քանզի սուրբ տաճարներում է քարոզվում, պահպանվում և տարածվում հայրենիքը պաշտպանելու, ազգայինը պահելու, հավատքին հավատարիմ մնալու գաղափարները:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, կոչ անելով նրանց լինել Վարդանանց ազնիվ ու քաջ զավակներն ու հետևորդները:
Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում: