կարևոր
1036 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-26 15:12
Հասարակություն

Վերաօծվել է Փուխրուտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Վերաօծվել է Փուխրուտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Քաջարանի սրտում` Փուխրուտ գյուղի բարձունքի վրա, նոր շունչ ստացավ դարերի հավատքն ու ավանդությունը։ Երկարատեւ շինարարական աշխատանքներից հետո գյուղի հին ու նոր սերունդներին համախմբող սրբավայրի դռները կրկին բացվեցին։ 

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի աղոթքով և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցին լցվեց խնկի բույրով ու մոմի լույսով։ Հնչած սաղմոսներն ու ժամերգությունը գյուղի քարերին ու բակին տվեցին հոգևոր շող, իսկ պատարագի պահին յուրաքանչյուր ոք զգաց, թե ինչպես է հավատքը նորից արմատավորվում համայնքի կյանքում։

Մակար եպիսկոպոս Հակոբյանը շեշտեց՝ եկեղեցու դռները բաց կլինեն բոլորի առաջ։

«Մեր գյուղացիների համար այսօր մեծ ուրախություն է, վերջապես կատարվեց մեր երազանքը՝ վերակառուցվեց եկեղեցին։ Իմ թոռները կնքված չեն, մեծ ուրախությամբ կհրավիրեմ այստեղ, մեծ շուքով այս եկեղեցում կնքելու։ Սովետական միության ժամանակ եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Տանիքին երեխաները խաղում էին, վախենում էինք, որ կընկնեն։ Մայրս ասում էր՝ երեխաներին մի՛ կանչեք, եկեղեցին սուրբ է, եկեղեցուց ոչ մի երեխա չի ընկնի։  Այդպես էլ կար, խաղում էին երեխաները, բայց չէիր տեսնի, որ մեկն ընկներ»,-  ասաց համայնքի բնակիչներից Լեռնուտ Դավթյանը։

Օրվա ուրախությունը շարունակվեց եկեղեցու բակում։ Երիտասարդներն ու երեխաները հանդես եկան երգով ու պարով՝ ասես կենդանի կապ դառնալով անցյալի ու ներկայի միջև։ 

Այնուհետև, համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ մատաղ բաժանվեց ներկաներին, ի նշան միասնականության ու սիրո։ Սրբավայրի բակում հնչող ծիծաղի, երգի ու աղոթքի ձայները միախառնվեցին, և Փուխրուտը վերածվեց ոչ միայն տոնական վայրի, այլև հավատի ու համախմբվածության խորհրդանիշի։ 

Այժմ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին իր դռները բաց է պահելու ամեն մեկի առաջ՝ վկայելով, որ հավատքը շարունակում է ապրել և առաջնորդել համայնքին կյանքի բոլոր ճանապարհներին։ 

Եկեղեցին վերանորոգվել է փուխրուտցիների եւ ԶՊՄԿ-ի ջանքերով։