|
Փոխարժեքներ
11 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Այս մասին գրում է Artsakh Tourism & Culture Development Agency-ին։
Այս եկեղեցին կառուցվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար՝ շարունակելով Արցախում դարերով ձևավորված քրիստոնեական ներկայության ավանդույթը։ Դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ ծխական եկեղեցի, որը խորհրդայնացումից հետո վերածվել է մշակույթի տան, իսկ 1950-ականներին վերակառուցվել՝ Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի։
Այսօր մենք ականատես ենք ոչ միայն շինության ոչնչացմանը։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական պետական քաղաքականության մի մասն է՝ ուղղված հայկական ներկայության, հիշողության և հենց Հայրենիքի ջնջմանը օկուպացված տարածքներում։ Ոչնչացվում են ոչ միայն հուշարձաններ, այլև ժողովրդի կապը իր պատմական հողի հետ։
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին՝ հստակ գնահատական տալու տեղի ունեցողին և ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։
Լռությունը այսօր դառնում է հանցակցության ձև։
Միաժամանակ չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը և խրախուսում նոր հանցագործություններ։
Հայրենիքի ջնջումը հանցագործություն է ոչ միայն մեկ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ։
Մենք հիշում ենք։ Եվ շարունակելու ենք վկայել։