կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 20:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի համար արցախյան օրակարգ չկա, նա Հայաստանի, հայկական շահի հետ կապ չունի․ Իգոր Սարգսյան

Երբ վտանգ է սպառնում քո գոյությանը, պետք է պայքարես, և պայքարի բոլոր միջոցներն ու ձևերը արդարացված են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը՝ խոսելով Արցախը վերադարձնելու և գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը վերջ դնելու մասին։

Փաշինյանի ու Ալիևի օրակարգերը առերևույթ համընկնում են․ Ալիևը չէր ուզում, որ ՀՀ բաձրագույն ղեկավարությունը գնար Արցախ, այդպես էլ եղավ, այն դեպքում, որ Ալիևը դիվանագիտական ամբողջ կորպուսի հետ շրջեց Շուշիում ու Արցախից օկուպացված այլ տարածքներում։ Իգոր Սարգսյանի դիտարկմամբ, այն, որ Նիկոլը չգնաց Արցախի Հանրապետության հոբելյանին, խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի համար արցախյան օրակարգ չկա։

«Այն մարդկանց, ովքեր ծափ են տալիս Նիկոլին, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, հայկական շահի, հայ ժողովրդի, ազգի հետ ընդհանրապես կապ չունի։ Նա եկել է սպասարկելու թուրքերի, այլ գերերությունների, չգիտես ում շահերը՝ ում շահերը, որ ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թող մտածեն, հասկանան՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞ւմ շահերն էր սպասարկում, երբ ասում էր մեր ապահովությունն ու անվտանգությունը թույլ լինելու մեջ է։ Թույլերին խժռում են, և այսօր խժռելու գործընթաց է»,-ասաց Իգոր Սարգսյանը։

Նա ծայրից ծայր անցել է Արցախյան առաջին ազատամարտը, նաև 44-օրյա պատերազմում է եղել ՀՅԴ կամավորների համակարգողը․ Արցախից հրաժարվելու՝ իշխանությունների կեցվածքի պարագայում նա զգում է, որ պայքարը դեռ կա, կյանքը շարունակական պայքար է, պետք է պայքարենք մեր գոյության և սերունդների ապագայի համար։

«Այս ազգը ամեն ինչ էլ տեսել է՝ շատ արհավիրքներ։ Երբ որ խելքը հավաքել է գլուխը, կանգնել է առնվազն իր ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու դիրքերում, հաղթել է և կայուն իր սերնդի համար ստեղծել է խաղաղ ժամանակահատվածներ, երբ արդեն ցոփության կամ երկարաժամկետ խաղաղության հաճույքների հետևից է ընկել՝ ինքնըստինքյան կորցրել է այդ ամեն ինչը, և այսօր այդ հաճույքից բացի մեզ որպես խարան բերեցին նաև նիկոլներ դրսի ուժերը որպեսզի քայքայեն երկիրը, որ թուրքերի, ադրբեջանցիների որոշ գերտերությունների շահերը համընկնեցնեն և Հայաստանը մասնատեն»,-նշեց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամը։

Նա նշեց, որ այն, ինչի մեջ հիմա մենք գտնվում ենք, խաղաղության մեծ օրակարգի հետ կապ չունի՝ սա պատերազմ է։

«Խաղաղություն կլիներ, երբ համաձայնությունները բոլոր կողմերի համար ընդունելի լինեին, մինչդեռ միակողմանի զիջումների գնացինք, և ադրբեջանցիներն այսօր Հայաստանի սահմաններում են և Հայաստանի սահմաններից էլ որոշակի մասեր արդեն տարել են և Ադրբեջանի բարձր ղեկավարության բերանով խոսում են Սևանը, Երևանը ադրբեջանական լինելու մասին․ թե այդ ադրբեջանցի ազգը երբ գոյացավ՝ չհասկացանք, թուրքերին, թաթարներին կպցրին՝ դարձրին ադրբեջանցի ազգ և Ադրբեջան պետություն»,-ասաց Իգոր Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ ՀՅԴ կամավորներն այսօր էլ պատրաստ են, բայց միայն նրանցով չէ՝ պետք է պետության քաղաքականությունը փոխվի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․