կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 23:06
Հասարակություն

Բայդենի այս որոշումը կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին Հայաստանի կամ Ամերիկայի հայկական կազմակերպությունների դիրքորոշման հետ

Բայդենի այս որոշումը կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին Հայաստանի կամ Ամերիկայի հայկական կազմակերպությունների դիրքորոշման հետ

Վերջերս Ամերիկայի Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակը տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիսով չափ կրճատել է ավելի վաղ իր ստորագրած $45 միլիոն դոլարի օգնությունը Հայաստանին և չեղարկել է Արցախին ականազերծման համար տրամադրվելիք $2 միլիոնը: Կատարվածի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով lragir.am-ը զրուցել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի հետ:

-Էլիզաբեթ, Հայաստանում այս լուրը, մանավանդ այս օրերին տիրող լարված մթնոլորտում, անհանգստություն պատճառեց: Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը:

-Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին $45 միլիոնի, Արցախին՝ $2 միլիոնի ֆինանսական օգնության առաջարկ էր ներկայացրել, ինչը ստորագրեց Ջո Բայդենը: Այդուհանդերձ, օրերս նա որոշում կայացրեց չավելացնել Հայաստանին տրվող օգնությունը և հատկացնել այնքան, որքան նախորդ տարվա բյուջեով էր սահմանված՝ այն է՝ $24 միլիոն դոլար: Իսկ Արցախի օգնությունն ամբողջությամբ չեղարկեց: Մեզ համար սա անընդունելի է, քանզի Արցախը և Հայաստանը մինչ օրս շարունակական ագրեսիայի են ենթարկվում Ադրբեջանի կողմից և Հայաստանը, նամանավանդ՝ Արցախը, արժանի են ավելի մեծ չափով ֆինանսական օգնության:

-Կարծիք կա, որ այս քայլը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանի, ԱՄՆ Հայ դատի և հայկական այլ կազմակերպությունների դրսևորած չեզոքության, Դոնբասին և Լուգանսկին Արցախի սատարման և նրանց հումանիտար օգնություն ուղարկելու փաստի հետևանքը լինել:

-Ոչ, դա այդպես չէ: Բայդենի այս որոշումը կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին Հայաստանի կամ Ամերիկայի հայկական կազմակերպությունների դիրքորոշման հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբերը Հայաստանին և Արցախին վերաբերող խնդիրներից զատ, երբեք հանդես չեն եկել այլ երկրների կոնֆլիկտների մասին դիրքորոշմամբ: Նույն մոտեցումն ունենք նաև ներքին խնդիրների հարցում:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանին առաջարկած ԱՄՆ ֆինանսական օգնության չափը հնարավո՞ր է փոխել, նաև հասնել Արցախին օգնություն տրամադրելու նպատակին:

-Անշուշտ, մեր գործունեության երեսուն տարիների փորձը վկայում է, որ դա հնարավոր է: Հայ դատի հանձնախումբը հաճախ է Կոնգրեսում իր ծավալած լոբբիստական աշխատանքի շնորհիվ փոխել ԱՄՆ նախագահի առաջարկած օգնության չափն ի օգուտ Հայաստանի: Մեր գերնպատակներից մեկն այսօր 2020-ի պատերազմից տուժած Արցախին ամերիկյան օգնություն տրամադրելու խնդիրն է: Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք հաջորդ տարի ԱՄՆ բյուջեով Հայաստանի օգնության ավելացման և հումանիտար ծանր իրավիճակում ապրող Արցախին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայքարի վրա:

-Ադրբեջանին ռազմական օգնություն տալու 907 բանաձևի կասեցումն այդպես էլ տեղի չի ունենում, չնայած այն բանին, որ իր նախընտրական պայքարի ընթացքում Բայդենը կոչ արեց Թրամփին 907-ը ուժի մեջ թողնել: Ի՞նչ նորություն կա այս առումով:

-Առաջիկա 25 օրերի ընթացքում նախագահն այդ մասին որոշում կկայացնի: Ինչպես գիտեք, սկսած 2001թ.-ից, ամերիկյան բոլոր նախագահները որոշում են կայացրել շրջանցել «Ազատության աջակցության ակտի» Ադրբեջանի դեմ կիրառվող 907-րդ բանաձևը: Այս որոշումն այժմ նախագահ Բայդենի ձեռքում է: Եթե նա որոշի 907 բանաձևը ուժի մեջ թողնել, դա կլինի ողջունելի քայլ: Եթե ոչ, ապա մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Կոնգրեսում այդ որոշման դեմ, փաստարկելով մեր պահանջը Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի, Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հանգամանքով: Մենք պետք է հասնենք նրան, որ ավտորիտար, կոռումպացված, նավթով հարուստ Ալիևի ռեժիմին տրամադրվի $0 ամերիկյան օգնություն:

Սառա Գասպարյան

Նյու Յորք