Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, ազգային անվտանգության մասնագետ Դավիթ Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վարդենիսի ուղղությամբ առաջնագծի դիրքերի պաշտպանությունն իրականացնող գումարտակին ամբողջ բնագծով ապահովել են հոսանքով։ Դավիթը ասում է՝ դիրքում կանգնած զինվորը բազմաթիվ խնդիրներ ու կարիքներ ունի։
«Մոտ մեկ շաբաթ առաջ ենք Գեղարքունիքի մարզի դիրքերում եղել, հոսանքի գեներատորներ՝ դվիժոկներ ենք տարել»։ Հասարակական կազմակերպությունը շարունակում է դեռեւս 2016թ․-ից ձեռնարկած՝ հետախուզական եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները ջրի ուսապարկերով համալրելու ծրագիրը։ Որպեսզի պարզ լինի հետախույզների համար նախատեսված՝ ջրի նոր սերնդի տակտիկական ուսապարկի կարեւորությունը, Դավիթը մի նմուշ էր բերել։
«Պապենական բակլաշկային փոխարինող տակտիկական, նոր սերնդի ուսապարկ է, այդպիսիք հետախույզների համար դիրքեր ենք տարել՝ մեր կազմակերպության միջոցներով։ Միայն հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումներում է առկա, քիչ քանակությամբ, հայկական բանակում լայն օգտագործման չկա, թեեւ աշխարհում վաղուց սա այլեւս նորույթ չի համարվում, հատկապես՝ ՆԱՏՕ-ի բանակներում, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական բանակում»,- ասում է նա։
Սահմանին աշխատանքների մասին է խոսում, աշխատանքների որակն ու ինտենսիվությունը, ըստ Դավիթի, գոհացուցիչ չէ․ ադրբեջանցիների կողմից Սունիքի ու Գեղարքունիքի մարզերի դիրքերը զավթելուց հետո հայկական կողմը առաջնագծում ակնառու աշխատանք չի կատարել։
«Այսօր առաջնագիծ դարձած գյուղերի մեծ մասում չկան անցանելի ճանապարհներ, ընդհուպ՝ ամենագնացների համար։ Այս խնդիրները երկար չի կարելի աչքաթող անել եւ ասել, որ չի կահավորվել, որովհետեւ ձյուն է եղել որոշ տեղամասերում, ճիշտ չէ։ Շատ շուտով կրկին ձյուն է լինելու, ե՛ւ Գեղարքունիքի, ե՛ւ Սյունիքի շատ հատվածներում ձյունը տարվա մեջ կա՛մ չի հալվում, կա՛մ մեկ-երկու ամիս է հալվում, այնպես որ՝ մի քանի ամսից ձյան խնդիր կրկին ունենալու ենք»,- նշում է զրուցակիցս։
Դավիթի խոսքով՝ շատ զինվորականներ սահմանագծի կահավորանքի մասին խոսելիս ասում են՝ նպատակահարմար չէ, որ անհատները շփման գծին մոտ կոնկրետ տեղամասերում աշխատանքներ տանեն, քանի իրենց համար էլ հստակ չէ՝ տվյալ բնագիծը կմնա՞, թե՞ կփոխվի։
«Հիմա, եթե մենք պայմանական մի քանի հազար դոլար ծախսենք դիրք տանող ճանապարհ բացելու համար, չի բացառվում, որ վաղն այդ ճանապարհն այլեւս մեր զորքերինը չլինի։ Այս իմաստով նաեւ պլանավորման լուրջ խնդիր կա։ Որքան էլ հասարակական կազմակեպությունները, անհատները օգնեն բանակին, ընդհանուր առմամբ, միայն պետությունը, ԳՇ-ն ու ՊՆ-ն գիտեն՝ ինչ բնագիծ են զբաղեցնում կամ պլանավորում զբաղեցնել»,- ասում է նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան