Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
«Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում:
Օրը, թերևս, խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է, երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին:
Նախորդ տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը քայլ առ քայլ իրագործել է իր առջև դրված խնդիրները, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրել բոլոր ջանքերը:
Խնդիրներ այսօր էլ կան և հենց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը պատեհ առիթ է դրանք մատնանշելու և կյանքի կոչելու համար։
Համակարգի գերխնդիրը Հանրապետության տարածքում ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումն է, որի ակունքում կանգնած է նաև Արցախի ոստիկանը, ով իր անձնվեր ծառայությամբ արտահայտում է մեր պատկերացումները արտաքին ու ներքին անվտանգության վերաբերյալ:
1992 թվականին երբ երկիրը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ վտանգված էր մեր գոյությունը, ոստիկանության ծառայողներից համախմբված կազմավորումը ևս դարձավ հայրենիքի պաշտպան: Ավաղ, առաջին պատերազմում ունեցանք 3 տասնյակից ավելի զոհ: Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնեցին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:
Հայրենիքի փրկության ճանապարհին շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում համակարգը կրեց կորուստներ. 11 զոհ, 11 անուն, որոնց մասին դեռ երկար պիտի խոսվի: Նրանք կռվեցին անհավասար մարտում և անմահացան Արցախի համար:
Պատերազմի ժամանակ ոստիկանը զինվոր է ռազմի դաշտում, խաղաղ ժամանակ՝ իրավակարգի զինվոր՝ կանգնած քաղաքացու կողքին, պաշտպանելով նրա հիմնարար ազատություններն ու իրավունքները, անզիջում պայքարելով նաև հանցավորության դեմ, պատրաստ կանխելու երկրի ներսում բռնության ցանկացած դրսևորում:
Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի: Պատերազմն ամբողջությամբ խմբագրեց մեր անելիքները, բայց նպատակները մնացին անփոփոխ. բացառել հանցավոր դրսևորումները, ուժեղացված պայքար տանել ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները:
Արցախի ոստիկանները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի մասին, սակայն, ամեն դեպքում, իրավական ամուր ինստիտուտ և արհեստավարժ մասնագետներ ունենալը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ է:
Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր եմ համարում նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց երկարամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը: Այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու, համակարգն էլ ավելի կայունացնելու համար:
Վերանորոգվում են ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված և վնասված շենք-շինությունները: Մարտունիում այդ աշխատանքը գրեթե ավարտվել է, վերսկսվել է Կարմիր շուկայի բաժանմունքի նորոգումը, Մարտակերտի շրջանային բաժնում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, որից հետո նախատեսել ենք վերանորոգել և վերազինել նաև Ասկերանի շրջանային բաժինը՝ ենթակա ստորաբաժանումներով:
Կառուցվածքային ու սոցիալ-կենցաղային բոլոր փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:
ԱՀ ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ ՀՀ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն է: Տարբեր հանցատեսակների՝ ինչպիսիք են թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների ռիսկերը, ինչպես նաև մյուս բոլոր սպառնալիքները կանխելու և բացառելու ուղղությամբ ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցունմ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ:
Առիթը բաց չթողնելով՝ իմ և համակարգի բոլոր ծառայողների անունից շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և բոլոր այն ստորաբաժանումների պատասխանատուներին, ովքեր մշտապես Արցախի կողքին են:
ԱՀ ոստիկանությունը կայացած պետական կառույց է և շուրջօրյա աշխատանքի համակարգ: Այսօր, ի դեմս ոստիկանության ծառայողների, մեզ հաջողվում է հետևողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակը:
Գործունեության ընթացքում իր գլխավոր գործառույթների իրականացման համար ոստիկանությունն առաջնորդվել է օրինականության շրջանակներում: Մեծ աշխատանք է կատարվել ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:
Լինել ոստիկանության ծառայող, նշանակում է լինել չափազանց պատասխանատու, անաչառ ու ազնիվ: Ոստիկանի առաքելությունը ուժերի գերլարումով ստեղծագործական մոտեցում պահանջող առաքելություն է, որը հաճախ իրականացվում է նաև հանգստի հաշվին: Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման, երկրի իրավակարգի ամրապնդման և հանուն օրինականության, հանուն մարդու և հասարակության իրավունքների՝ Արցախի ոստիկանն անձնուրաց ծառայել ու ծառայում է երկրին ու ժողովրդին:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ծառայողներին և մաղթում ուժ և տոկունություն, բարի և անփորձանք ծառայություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության»,-ասված է ուղերձում։