կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 20:01
Մշակույթ

Վարդենիկի Սուրբ Թալալոց մատուռը

Վարդենիկի Սուրբ Թալալոց մատուռը

Վարդենիկ գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հարավային եզերքին, Վարդենիկ գետի ափին: Գյուղի մասին ամենահին հիշատակությունները դեռևս 10-րդ դարից են՝ Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում: 1770 թվականին շահական Պարսկաստանի իշխանությունների կողմից գյուղը ամբողջությամբ ամայացվել է: 1828 թվականից հետո Ալաշկերտի հայ բնակչության մի ստվար զանգված հաստատվում է հենց Վարդենիկում:

Թեպետ գյուղը ամբողջությամբ ամայացվել էր պարսկական իշխանությունների կողմից, բայց տարածքի մշակութային ժառանգությունը պահպանվել և մեզ է հասել միջնադարից:

Վարդենիկում ներկայումս կան բազմաթիվ մատուռներ: Գյուղի նշանավոր մատուռներից է Սուրբ Թալալոց մատուռը:

Նրա տարածքում պահպանվել են 11-12-րդ դարերով թվագրվող երեք խաչքար և մեկ տապանաքար: Ըստ տեղական սովորույթի՝ այդ խաչքարերը բժշկող զորություն ունեն, իսկ մատուռում բժշկվում են ընկնավոր նորածին երեխաները: Հենց այդտեղից է գալիս մատուռի Թալալոց անվանումը, քանի որ ժողովրդական լեզվով երեխայի ընկնավորության դրսևորումը անվանում են «թալցնել»:

 

Մատուռը գտնվում է Վարդենիկ գետի հարակից բլրակի վրա, սովորույթի ուժով գետի ափից մինչև մատուռ ընկած ճանապարհը ուխտավորներն անցնում են ծնկաչոք: Այդ ողջ ճանապարհն աղոթքով և արցունքներով ծնկաչոք անցնելով՝ նրանք երեխային դրել են ներսում գտնվող տապանաքարի վրա, այնուհետև խաչքարերի մոտ մոմ են վառել և իրենց աղերսը հղել առ Աստված: Գրեթե միշտ երեխան բուժվել է, իսկ մատուռն այդ ընտանիքների համար դարձել է հիմնական ուխտատեղի:

 

 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ