կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 22:02
Մշակույթ

Վարդենիկի Իշխանաց վանք սրբավայրը

Վարդենիկի Իշխանաց վանք սրբավայրը

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում` համանուն գետի ափին է գտնվում Իշխանաց վանք սրբատեղին: Այս սրբավայրը թվագրվում է 11-13-րդ դարերով: Այն նախկինում եղել է խոշոր եկեղեցի, որը կոչվել է Սնչից Անապատ կամ Սուրբ Մինաս եկեղեցի: Կոչվել է Իշխանաց վանք կամ Իշխանավանք, քանի որ եկեղեցու բակում է գտնվում իշխան Միրզայի գերեզմանը:

Պահպանվել է հին եկեղեցու ավանդատներից մեկը: Գերեզմանի հարակից տարածքում է գտնվում պուրակը, որի մեջ կան 400-ից ավելի խաչքարեր՝ հիմնականում թվագրվող 11-13-րդ դարերով: Սրբավայրի մասին առաջին տեղեկությունները ստանում ենք Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում: Մատենադարանում հայտնաբերված 1669 թվականով թվագրված մի փաստաթղթի համաձայն՝ այն կոչվել է Սուրբ Մինաս: Միջնադարում այն հարկատու է եղել Մաքենյաց վանքին:

Ներկայումս Վանքի պատերի շարվածքներում կան բազմաթիվ խաչքարեր, որոնք ժամանակին օգտագործվել են վանքի պատերը ամրացնելու և այն ներկայիս տեսքին բերելու համար, վերակառուցման դեպքում դրանք պիտի դուրս բերվեն և վանքի բակում կանգնեցվեն:

Տարիների ընթացքում սրբավայրը խոնարհվել է, բայց գյուղի Հազեյան գերդաստանը իր վրա է վերցրել տարածքի մշակութային ժառանգության պահպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հանձնվել է Մայր աթոռի պատասխանատվությանը:

Այստեղ շատ են ուխտավորները Գավառից, Սևանից, Արարատի և Արմավիրի շրջաններից: Տիրոջ պայծառակերպության՝ Վարդավառի տոնը, այստեղ յուրահատուկ կերպով է նշվում:

Իշխանավանք սրբավայրի անվան հետ է կապվում ներբանային գորտնուկ կոչվող հիվանդության բուժումը: Վանքի տարածքում է գտնվում նրա վանահայրերից Տեր Մխիթարի գերեզմանը: Տվյալ հիվանդությամբ ախտահարված հիվանդը, այցելելով Իշխանաց վանք, վերցնում էր Տեր Մխիթարի շիրմաքարի տակի հողը, որով շփում էր իր մարմնի ախտահարված հատվածը, որից հետո լիարժեք առողջանում է

 Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի` Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ