կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 15:00
Քաղաքական

Ադրբեջանը սահմանային միջադեպերն օգտագործում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար․ ռազմական մեկնաբան

Ադրբեջանը սահմանային միջադեպերն օգտագործում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար․ ռազմական մեկնաբան

Ադրբեջանը սահմանային միջադեպերն օգտագործում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար, որ ինչ-ինչ խնդիրներ լուծի՝ սահմանի ճշգրտում, հայտնի միջանցք և այլն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Երասխի սահմանին փոխհրաձգություն հրահրելու և հայ զինծառայողին սպանելու փաստի մասին։

«Կարելի է ենթադրել, որ նրանք կարող են ճնշում գործադրել նաև Նախիջևանի ուղղության վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ այնտեղ թուրքական ուժեր կան և իրենց դիրքերն այդտեղ ավելի ամուր են։ Մի կարևոր գործոն էլ կա, որ Սյունիքի, Գեղարքունիքի ուղղությամբ արդեն ինչ-որ ձևով ռուսները ներկա են, ու դա զսպիչ գործոն է, բայց Նախիջևանում այդպիսի խնդիր չկա»,-ասաց Դավիթ Հարությունովը։

Երկու կողմից էլ զոհեր կան․ նա չբացառեց, որ այս հանգամանքը հետևանք ունենա, բայց նաև ձեռնպահ մնաց նման կանխատեսում անելուց, որովհերտև դեպքերն անակնկալ ընթացք են ունենում․ «Դա կախված է, թե ինչ է տեղի ունեցել՝ լոկա՞լ խնդիր է, թե՞ ռազմավարական ծրագիր»։

Նա չբացառեց, որ ադրբեջանական դիրքերի առաջ բերելը և փոխհրաձգություն հրահրելը տեղային միջադեպ լինի՝ ինֆորմացիա չունի, բայց, հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, հնարավոր է համարում նաև հայկական կողմի վրա ճնշման տարրը։

Ադրբեջանական կողմը պարբերաբար գաղափար է առաջ է քաշում՝ Հայաստանի տարածքում, Ադրբեջանի հետ  սահմանի ամբողջ երկայնքով, 30 կմ խորությամբ չեզոք գոտի ստեղծել այն դեպքում, եթե, իրենց որակմամբ, հայկական կողմը ագրեսիվ կեցվածք դրսևորի։ Այդ չեզոք գոտին ներառում է ամբողջ Սյունիքը, իսկ Գեղարքունիքի հատվածում հասնում Սևանա լիճ և կիսում այն։ Ռազմական մեկնաբանը չբացառեց, որ ադրբեջանցիների ռազմավարական նպատակը, ըստ երևույթին, իսկապես դա է, բայց թե ինչքանով է այս միջադեպը այդ ծրագրի սկիզբ, դժվարացավ ասել։

Նա նկատեց, որ այս ծրագիրն ադրբեջանցիների համար այս պահին դժվար իրականանալի է, որովհետև ռուսական ներկայություն կա Սյունիքում։

Դավիթ Հարությունովը նշեց, որ այսպիսի միջադեպեր, սահմանային տեղաշարժեր նախկինում էլ եղել են։ Խուսափելու համար, իհարկե, նպատակահարմար է դրանք կանխելը, բայց նաև արձանագրեց, որ գործող իշխանությունները խուսափում են էսկալացիայից՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը։

Զուգահեռաբար, նաև Շուշիում ադրբեջանցիները հրաձգություն սկսեցին․ ռազմական մեկնաբանը նկատեց, որ դրա համար ադրբեջանցիները հայկական կողմին են մեղադրում, այս պատճառով էլ արձանագրեց նրանց կողմից տեղեկատվական գրոհը։

Հայաստանի իշխանությունները այս իրավիճակում հանդես են գալիս զինծառայության ժամկետը մինչև 1,5 տարի կրճատելու նախաձեռնությամբ, և դա ներկայացնում իբրև բարեփոխում։ Ռազմական մեկնաբանը նշեց, որ ժամկետի կրճատումն, իհարկե, բացասական է բանակի համար, քանի որ դա նվազեցնելու է մարտական էֆեկտիվությունը և բերելու է զինծառայողների թվի կրճատման։ Իսկ ընդհանրապես, բարեփոխումների մասին մանրամասն տեղեկատվության չի տիրապետում։

Զուգահեռաբար, Հայաստանը բանակցում է Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին․ Դավիթ Հարությունովը բանակի կրճատման և սահմանը ռուսներին վստահելու իրողությունների մեջ անմիջական կապ չի տեսնում, նշում է, որ ռուս խաղաղպահների տեղակայումը իրավիճակային և ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչև սահմանը ճշտվի։

Նա նշեց, որ շաստ կարևոր է, թե երկրի  քաղաքական ղեկավարությունը ինչ խնդիր է դնում․ եթե խնդիր չի դնում թշնամու գրոհներին ռազմական իմաստով դիմակայելու, ուրեմն խնդիր չունի նաև բանակը ամրակայելու։

Ռուս խաղաղպահները, նրա դիտարկմամբ, տարածաշրջան են գալիս հատկապես Թուրքիայի ակտիվ ներգրավմանը դիմակայելու։

Այս իրավիճակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ արևմտամետ կողմնորոշում ունեցող Արմեն Գրիգորյանին Արտաքին գործերի փոխնախարար նշանակելը, ռազմական մեկնաբանի համոզմամբ, դժվար թե Ռուսաստանին անհանգստացնի։

«Իհարկե, դա լավ չէ, այն իմաստով, որ իրենք կնախընտրեին ինչ-որ մարդու, որն իրենց ավելի մոտ է, ավելի շատ կապեր կան, բայց նաև պետք է հաշվի առնել, որ դա փոքր գործոն է, և չի կարողանա դեր խաղալ Ռուսաստանի շահերի տեսակետից»,-ասաց Դավիթ Հարությունովը։

Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ Հայաստանը այլընտրանք չունի Ռուսաստանի հետ հարաբերություններին, Ռուսաստանից կախվածությանը, ասաց նա, ու Հայաստանի պերսոնալ անձնակազմը դառնում է նրանց համար երկրորդական։

«Դա նաև պատճառներից մեկն է, թե ինչու իրենք ընտրությունների ժամանակ էլ ընդգծված նեյտրալ դիրքորոշում էին պահում, որովհետև գիտեին, որ ով էլ գար իշխանության, մեկ է՝ որոշակի օրակարգի հետ է գործ ունենալու, որը չի կարող լինել հակառուսական։ Այնպես որ, ինչ-որ գործիչ, որը կարող է ունենալ արևմտամետ բեքգրաունդ, նա ևս կարող է Ռուսաստանի հետ աշխատել»,-ասաց ռազմական մեկնաբանը։  

Աննա Բալյան