կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 15:48
Քաղաքական

Եթե կապիտուլյացիա կնքած իշխանություն չլիներ՝ բանակը կվերազիներ և թույլ չէր տա, որ Ադրբեջանը ճնշումներ գործադրի Հայաստանի վրա․ Արմեն Բադալյան

Եթե կապիտուլյացիա կնքած իշխանություն չլիներ՝ բանակը կվերազիներ և թույլ չէր տա, որ Ադրբեջանը ճնշումներ գործադրի Հայաստանի վրա․ Արմեն Բադալյան

Լայնածավալ պատերազմ սկսելու խնդիրը Ադրբեջանի առջև դրված չէ, բայց Ադրբեջանի առջև դրված է խաղաղության պայմանագիր կնքելու հարցը և այդ պայմանագրի՝ իր համար ցանկալի տարբերակին հասնելու համար, բնականաբար, ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Գեղարքունիքի սահմանին լարվածությունը։

«Խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի համար ցանկալի տարբերակն այն է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, պայմանագրային տեսքով փակելով Արցախի հարցը և սահմանագծման աշխատանքներն իրականացնի այնպես, որը ձեռք տա Ադրբեջանին՝ սա մեկ։ Եվ երկրորդ՝ Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է լուծվի, և երբ Ադրբեջանի երկու մասերը՝ բուն Ադրբեջանը և Նախիջանը միանան ճանապարհների միջոցով, որը Ադրբեջանի համար ցանկալի է, որ գտնվի հնարավորինս ոչ Հայաստանի հսկողության տակ»,-նշեց նա։

Այս երկու նպատակներին հասնելու համար Ադրբեջանը դիմում է այն գործիքակազմին, որին միշտ է դիմել, ասաց քաղտեխնոլոգը, ուղղակի առաջ դա Արցախի սահմաններին էր, հիմա դա իրականացնում է Ադրբեջանի և ՀՀ սահմանների երկայնքով։

Այս բոլոր նպատակներն, իհարկե, բխում են միայն Ադրբեջանի շահերից․ ի՞նչն է բխում Հայաստանի շահից, և ո՞ր ուղղությամբ պետք է աշխատի ՀՀ իշխանությունը՝ հարցին, Արմեն Բադալյանը պատասխանեց՝ խնդիրն այն չէ, թե Հայաստանի իշխանությունները որ ուղղությամբ պետք է աշխատեն, խնդիրն այն է, որ նրանք ոչ մի ուղղությամբ էլ չեն կարող աշխատել, որովհետև «պետք է» և «կարող են»՝ տարբեր բաներ են։

«Այո, եթե լիներ ուրիշ իշխանություն, որը պարտված չլիներ, կապիտուլյացիա կնքած չլիներ, բնականաբար, նա համապատասխան գործողություններ կիրականացներ։ Ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկն ասում էր՝ «արժանապատիվ խաղաղություն», այսինքն, բանակի վերազինում և թույլ չտալ, որ Ադրբեջանը ճնշումներ գործադրի Հայաստանի վրա, բայց հասարակության մի զգալի մասն ընտրեց այն տարբերակը, որ Ադրբեջանը ճնշում գործադրի, այսինքն, կապիտուլյացիայի օգտին քվեարկեց։ Բնականաբար, ստանում է այն, ինչ այս պահի դրությամբ կա։ Որովհետև ՀՀ իշխանություններն ի՞նչ պետք է անեն՝ դա ճիշտ հարց չէ, ՀՀ իշխանությունները ոչ մի բան էլ չեն կարող անել, որովհետև եթե կարողանան անեն, կանեն առանց մեր խորհուրդների»,-ասաց Արմեն Բադալյանը։

Նրա համար ակնհայտ է, որ գործող իշխանությունները ապիկար են, քանի որ չի տեսնում պետության զարգացման ուղղությամբ որևէ ծրագիր։

«Պետության զարգացման համար պետք է ունենաս պետության զարգացման տեսլական, զարգացման վեկտոր՝ ինչպե՞ս պետք է զարգանա, սակայն, 2018 թ-ից հետո՝ երբ իշխանափոխություն տեղի ունեցավ և իշխանության եկավ այս ուժը, այս 3 տարում այդպես էլ ցույց չտվեց, թե որն է Հայաստանի զարգացման վեկտորը, Հայաստանը 5-10-20 տարի հետո ինչպիսի պետություն պետք է լինի, որ միությունների անդամ պետք է լինի, տնտեսության ինչ ճյուղեր պետք է զարգանան, բանակն ինչպես պետք է բարեփոխվի, դատաիրավական համակարգը ինչպես պետք է բարեփոխվի։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք մեկ մարդու անձնիշխան համակարգի ամրապնդման գործընթաց»,-ասաց քաղտեխնոլոգը։

Եթե անգամ Փաշինյանը պայմանագիր ստորագրի և ճանաչի հայ-ադրբեջանական սահմանը, Արմեն Բադալյանը վստահ է, որ դա անշրջելի գործընթաց  չէ։

«Պատմության մեջ ոչ մի բան երբեք անշրջելի չէ, մարդկության պատմության մեջ այնքան պայմանագրեր են չեղարկվել, այնպես չէ, որ եթե ինչ-որ բան կնքեցին՝ դարերով պետք է մնա։ Հենց մեր աչքի առջև ԱՄՆ նախագահ Թրամպը այնքան պայմանագրեր չեղյալ հայտարարեց՝ գլոբալ ջերմացման կոնվենցիայից դուրս եկավ, տարբեր տեսակի պայմանագրերից դուրս եկավ, ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս եկավ, համաշխարհային առողջապահական կազմակերպությանը դադարեցրեց ֆինանսավորումը․․․ Այսինքն, պայմանագիրը նրա համար է, որ եթե թույլ ես կամ շահավետ է՝ ստորագրում ես, բայց եթե արդեն ուժեղ ես կամ շահավետ չէ՝ հայտարարում ես չեղյալ»,-ասաց նա։

Ռուս խաղաղապահների տեղակայումը երկար ժամանակ պահանջող գործընթաց է՝ նշեց քաղտեխնոլոգը, բայց նա տեսնում է, որ Արևմուտքին և ՄԱԿ-ին դիմելով՝ ՀՀ իշխանությունները շատ դեպքերում «տակից», որոշ դեպքերում նաև «վրայից» առևտուր են անում Արևմուտքի կենտրոնների հետ, և ցանկանում են ցույց տալ, որ Ռուսաստանը չի կարողանում ՀՀ սահմանին խաղաղություն պահպանել, և նպատակ են դնում, որ արևմտյան դիտորդներ էլ գան այստեղ։ Այսինքն, նրա դիտարկմամաբ, սա Ռուսասատնի հետ «մուկ ու կատու խաղալու» քաղաքականություն է։

Աննա Բալյան