Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղնախարարություն չկա, ում էլ դրել են ըդտեղ, հարցնում ես՝ ինչ մասնագետ է, չի ասում, կողքից ասում են՝ ագրոնոմ։ Բայց բան չգիտեն, գաղափար չունեն․ մեկի մորքուրի, մեկի քեռու երեխին բերել, դրել են։ Ջուր չկա, ոռոգում չկա, պտուղը ծառի վրա չի մեծանում․ Yerkir.am-ին հայտնեց Նոր Գեղիի՝ խմբագրություն ահազանգած բնակիչը, որի պտղի այգին չորանում է ջուր չլինելու պատճառով։
Այգիները 3-4 անգամ պետք է ջրած լինեին, բայց հասցրել են ոռոգել ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ նորմայից ուշ, որովհետեւ, այգեգործի խոսքով, չկա մասնագետ, իսկ ջրի խողովակների նորոգումն էլ սկսել են գարնան կեսին։
«Ջուր չլինելու պատճառով սրսկած թունաքիմիկատները օգուտ չեն տալիս նույնիսկ, որովհետեւ եթե ջուր չկա, թույնը շուտ է քայքայվում, երկար չի մնում ծառի վրա։ Արդեն 35 օր է՝ իմ այգի ջուր չի մտել։ Մեզ մոտ ՋՕ-ի պետ են ընտրել, էն շա՞տ է իմանում՝ ջուրը ոնց են տալու, ինչ են անելու։ Գյուղնախարարություն կոչվածին էլ ասում ենք՝ մասնագետ ուղարկեք, վնասի չափը հաշվենք, ասում են՝ մասնագետ չունենք»,-Yerkir.am-ին ասաց Գրիգոր Հարությունյանը։
Նա նշեց, որ չկա որեւէ մեկը, որը կկարողանա գալ, ճշտել վնասի չափը, որ գյուղացին վնասի ապացույց ունենա, կարողանա վնասի փոխհատուցում պահանջել։
«Չկա մասնագետ, որ չափի։ Ես էլ Ջրօգտագործողների ընկերությանը դատի տա՞մ։ Կարտոֆիլը նեխել է, ասում են՝ հիվանդություն է, ջրից չի։ Բայց հիվանդություն չկա։ Եթե կուլտուրան չի կարողանում իրեն ջրով ապահովել, տերեւներին հովացում կատարի, որ չխաշվեն, ինքն իր պտղից ջուր է վերցնում, գոլորշիացնում, որովհետեւ արմատներում ջուր չկա։ Գալիս, ասում են կարտոֆիլն է հիվանդ։ Կուլտուրան ու ծառն էդքան խելացի են, բայց գյուղոլորտի մարդիկ էդքան բանը չեն հասկանում»,- ասաց մասնագիտությամբ գյուղատնտես Հարությունյանը։
Նա հայտնեց, որ կան նորմատիվներ, որոնցով էլ վճարում են ջրի ծախսը, բայց այդ նորմատիվները մի մարզում ուրիշ են, մյուսում՝ ուրիշ՝ գինը ծավալի դիմաց տարբեր է, ինչը եւս լուրջ խնդիր է գյուղացու համար։ Էլ չասենք՝ ջուրը, որին չոր գետինը կարոտ է մնացել։ Ո՛չ անձրեւ կա, ո՛չ էլ ջուր։ Նոր Գեղիի այգիները սնվում են Սեւանից, որի մակարդակն այս տարի զգալի բարձրացել է, բայց գյուղ ջուր չի հասնում մասնագետների բացակայության ու մասնագիտական անգրագետ հաշվարկների պատճառով։
«Բռնում՝ 1 ծառի համար 1500 լիտրի փող են գանձում ինձանից։ Մի ծառը էդքան ջուր կխմի՞։ Դրա տեղը բրինձ կաճեցնեմ։ Ծիրանի բերքահավաք եմ անում, բերքն էնքան մանր է մնացել։ Որ ջուր չէին տալիս, ես էլ չեմ պարարտացրել։ Անցած տարի բերք չի եղել, նախանցած տարի հավաքել եմ 20 տոննա, էս տարի 10 տոննա դժվար հավաքեմ։ Տարածքը 3 հեկտար է։ 35 օր իմ այգի ջուր չի մտել։ ՋՕԸ-ն ինձ 20-25 օրը մեկ օրենքով պետք է ջուր տա։ Ջրային կոմիտեի նախագահը ոչինչ չի հասկանում։ Կանալները 2-3 տարի ռեմոնտ չեն անում, գումարը թե ինչի վրա են խնայում, չենք հասկանում։ Ի՞նչ կլինի, որ ԶԻԼ ավտոյի վրա «Ժիգուլու» ռադիատոր դնենք, կեռացնի, չէ՞, հիմա բերքն է՝ ջուրը պտղից է արմատը քաշում»,- ասաց գյուղատնտեսը։
Գրիգոր Հարությունյանն ասաց՝ 30-40 տոկոս վնաս այգին հաստատ կրել է։ Հույս էլ չունի, թե ինչ-որ մեկը կգա, կհետաքրքրվի։ «Անգրագետ են,-ասում է,-լակոտ-լուկուտներին հավաքել են, դրել պաշտոնի, գործից գլուխ հանող չկա, տուժում է գյուղացին»։