Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Գեղիի այգիներն առանց ջրի են մնացել։ Գյուղատնտես Գրիգորը կորցրել է բերքի 30 տոկոսը, քանի որ այգի ջուր համարյա չի մտնում, որովհետեւ գործից գլուխ հանող չկա, գյուղնախարարություն չունենք, գյուղացու հոգսերով հետաքրքրվող չկա։
«Ջրի կանալները սկսեցին մայիսին վերանորոգել։ Էդպիսի բան չէր եղել, որ մայիսին ջուրը կտրեն, ասեն՝ կանալ ենք նորոգում։ Ընդհանրապես, մեզ ջուր էին տալիս մայիսի սկզբից, բայց էս տարի մայիսի 19-ին նոր ջուր են տվել։ Բայց, օրենքով, մարդիկ մինչեւ մայիսի 19-ը մի անգամ արդեն ջրած պիտի լինեին»,- Yerkir.am-ին հայտնեց այգեգործ Գրիգոր Հարությունյանը։
Նա նշեց, որ կարեւոր է ծառը ապրիլից սկսել ջրել, քանի որ հողի չորությունից հնարավոր է ծաղկավիժում, այսինքն՝ ծաղիկը ծարավից չորանում է։
«Ծիրանը, որի բերքահավաքն արդեն սկսվել է, երեք օր առաջ նոր երկրորդ ջուրն եմ տվել։ Ջրօգտագործողների ընկերության մեղավորությունն է, որովհետեւ գործից չհասկացող մարդկանց բերել, դրել են ընդեղ, էդ մարդիկ առանց պատկերացնելու, թե ջուրն ինչ է․․․ Մարդկանց մեղավորությունն էլ կա․ կան մարդիկ՝ ջուրը գիշերը գողանում, ջրում են, չեն նայում՝ ուրիշ մարդիկ էլ կան»,- նշեց Հարությունյանը։
Գյուղատնտեսը զարմացել է, երբ Փաշինյանն ասել է՝ պետք է խթանենք կաթիլային ոռոգումը։ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ սա անգրագիտություն է։ Կաթիլային ոռոգումով կարելի է ջրել նորատունկ ծառերը, բայց 20-30 տարեկան ծառերի ծարավը կաթիլային ոռոգումով հագեցնելը խելքին անգամ մոտ չէ։
«Էդ ծառերի արմատները մինչեւ 1-1,5 մետր գնացել են, ո՞նց է ջուր հասնելու։ Էն հին ծառերը, որ կան, կաթիլայինի անցնելու դեպքում չորանալու են։ Իրենք եկան ղեկավարելու, բռնեցին երկու տարի առաջ ջուր բաժանողներին հանեցին, նոր մարդկանց բերեցին։ Հիմա էս նոր ընդունած ջրբաշխներին ազատեցին, էն հներին են հետ կանչում։ Հներն էլ չեն կարող արդեն էս հարցը լուծել, որովհետեւ ուշացած է, բոլորը ջուր են ուզում։ Մտնում՝ այգիս նայում եմ, ծառի վրա մեղքս գալիս է»,- Yerkir.am-ին հայտնեց գյուղատնտեսը։
Հարությունյանի խոսքով՝ օրեր առաջ Նոր Գեղիի ճանապարհը փակել են, բայց խնդիրը շարունակում է մնալ առանց որեւէ տեղաշարժի։ Երկու տարի առաջ էլ նոր ծառեր են դրել, որոնք արդեն չորացել են։ Ավելի սարսափելի է նրանց վիճակը, ովքեր այս տարի մատղաշ ծառեր են տնկել․ տերեւը խաշվել-չորացել է արդեն։
«Հիմա համատարած խոտ քաղելու շրջան է։ Որ խոտածածկույթը կար, էդքան գոլորշիացում չէր լինում, խոնավությունը մնում էր հողի մեջ։ Ջուր տվողները պայմանագիրը գրում են, օրենքով ջուր տալու ժամկետը պիտի գրեն, բայց չեն գրում։ Եթե պայմանագրի կետերը խախտեն, տուգանք է հասնում։ Բայց էդ կետերը չկան, ջուրն էլ ուշ են տալիս։ Որ մի տարի տուգանվեն, երկրորդ անգամ էլ չեն անի։ Ջուր օգտագործողի պարտականություններն ավելի շատ են, քան մատակարարողի»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։
20 հեկտար այգի ունի, հիմնականում՝ խնձոր ու ծիրան, հեկտարից ստանում էր միջինը 30-40 տոննա բերք, այս տարի 30 տոկոս՝ մոտավորապես 10 տոննա պակաս է․ ցոգոլը ծառի վրա խաշվել է։