կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 11:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի նկատմամբ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք և չի կարող մասնակցել ՍԴ-ում գործի քննությանը․ Արա Զոհրաբյան

Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ»  դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման վեճի վերաբերյալ գործի բանավոր ընթացակարգով քննությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նիստին մասնակցում են ՍԴ բոլոր 9 դատավորները։

ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը զեկուզողն է, պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, հարակից պատասխանողները՝ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ՀՌԱՀ-ը։

Իբրև երրորդ անձ է ներգրավվել ՔՊ-ն։

Դիմող «Հայաստան» դաշինքը ներկայացնում է Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Դավիթ Հարությունյանը։

Երրորդ անձը ներկայացված է Ռուսատամ Բադասյանի, Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի կազմով։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակացության գտործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։

Նա նշեց, որ միջնորդության հիմքում դրված են հետևյալ փաստերը․ իրենց դիմումի հիման վրա ՍԴ-ն կայացրել է որոշում, նույն օրը 4 կուսակցությունների և դաշինքների դիմումները միավորել է, ապա որպես երրոդ անձ ներգրավվել է ՔՊ-ն։ ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Քարոզչության ժամանակ ՔՊ-ն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի անձով։ Եվ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՄԻԵԴ-ում։

«Գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ․ ՍԴ մասին օրենքով ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների  նկատմամբ։ Մեր կարծիքով, դատավարության մասնակից ՔՊ կուսակցության նկատմամբ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք՝ կապված իր նախկին վստահորդ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ՔՊ-ի առանցքային և գլխավոր անձն է»,-ասաց նա։

Արա Զոհրաբյանը նշեց, որ Վահե Գրիգորյանի՝ այդ գոչծի քննությանը մասնակցելը կարող է հանգեցնել կարգապահական վարույթի հարուցմանը, քանի որ դատավորն անկախ չէ և չի կարող դատական ակտ կայացնել։

«Գտնում ենք, որ առկա է Նիկոլ Փաշինյանի նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմնակալության վերաբերյալ օրինական կասկած»,-ասաց Արա Զոհրաբյանը։

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք ևս միջնորդություն էին ներկայացրել Վահե Գրիգորյանի մասնակցությունը անհանրին լինելու մասին, որը մերժվել է,  բայց դա եղել է բոլորովին այլ հիմքով՝ իրենք հայտնել էին, որ նա ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ այս միջնորդությունը այս փուլում ՍԴ կողմից քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ ՍԴ մասին օրենքի համաձայն, այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու շրջանակում, իսկ այդ փուլը մենք արդեն իսկ անցել ենք։ Հետևապես, ավելորդ ժամանակ է ծախսվելու։

ՍԴ-ն որոշեց չքննարկել միջնորդությունը և անցնել առաջ։ 

Մանրամասն՝ տեսանյութում․