կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 18:20
Իրավական

Սաքունցը կասկածում է ''ջրծաղիկի գործի'' արդար քննությանը

Սաքունցը կասկածում է ''ջրծաղիկի գործի'' արդար քննությանը

Շուրջ մեկ տարի է` Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում  ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, որը հանրության շրջանում առավել հայտնի է  «ջրծաղիկի գործ» անունով:

 

Ամբաստանյալի աթոռին երկուսն են`Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ  Միքայել Միքայելյանը և զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ,  փոխգնդապետ  Մինաս Մկրտչյանը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով` մեղադրյալի աթոռին այլ անձինք ևս պետք է հայտնվեին: Շուրջ մեկ տարի ձգձգվող գործի և դրան նախորդած նախաքննության թերությունների մասին պարոն Սաքունցը զրուցեց  yerkir.am-ի հետ:   


Ըստ նրա`  դեռևս  նախաքննության ընթացքում պատշաճ քննություն չի իրականացվել,  ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում արդար դատաքննություն անցկացնելու հնարավորությունը: «Ամբաստանյալների  շարքում առնվազն պետք է լիներ զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանը, ով  Հայկ Խաչատրյանի  ծնողների ներայությամբ  հիվանդի մոտ հայտնաբերել էր  ջրծաղիկի առաջին հետքերը: Սակայն, ծնողների պնդմամբ, ջրծաղիկի ցանն ի հայտ էր եկել դեռևս դեկտեմբերի 16-ին»,- ասաց նա և հավելեց, որ այդ հանգամանքը  քննության առարկա չի հանդիսացել:  

 

Բացի այդ` Սաքունցը  հիմնավոր կասկածներ ունի,  որ այդ բժշկուհուն հովանավորել են, ինչի շնորհիվ և նրան հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: «Թե' քննչական մարմինը, թե' ռազմական ոստիկանությունը և թե'  ռազմական ոստիկանության նախկին պետը լավ գիտեն, թե ով է հովանավորել նրան: Եթե քննչական մաիմինը պատշաճ և օբյեկտիվ քննություն կատարեր, ապա այդ կապն անպայման կհայտնաբերեր»,- ասաց նա:

 

Իրավապաշտանի կարծիքով` գործի նյութերում  ևս պատշաճ գնահատական չի տրվել այն հանգամանքին, որ երբ Հայկը  տեղափոխվել է հոսպիտալ,  պահվել է ջրծաղիկով հիվանդ զինվորների հետ, այսինքն` վարակվելու հիմքն ի սկզբանե եղել է: «Գործում միայն գնահատական է տրված ոչ պատշաճ սանիտարական պայմանների  վերաբերյալ, բայց երբ հիվանդին պահում են այլ վարակիչ հիվանդություններ ունեցողների հետ, դա արդեն իսկ անթույլատրելի է»:

 

Ավելին` Սաքունցի խոսքով`  պատշաճ քննություն չի անցկացվել անգամ` պարզելու, թե ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Խաչատրյանը զորամասում  հիվանդություն  ձեռք բերեց: Դիտարկմանը, թե հնարավոր է, որ զինվորը հիվանդությունը ձեռք բերած լինի ծառայության ընթացքում, Սաքունցը պատասխանեց. «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ Հայկը հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում, իսկ  շտաբի պետը, ով հրամանատարի պաշտոնակատարն է եղել,  ընդհանրապես այս գործում  ներգրավված չէ»:

 

Փաստորեն, ըստ իրավապաշտպանի, նախաքննական մարմինը ծածկադմփոցի է արել գործը` կոծկելով որոշ մարդկանց հանցավոր գործողությունները: