Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի համոզմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, քանի որ նա ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է ունեցել Մարտի մեկի գործի վերաբերյալ:
Նրա խոսքով` դատավոր Ազարյանը նախկինում Մարտի մեկի գործով 9 մեղադրական դատավճիռներ է կայացրել: ՀՔԾ պետն, ընթերցելով այդ դատավճիռներից մեկում Ազարյանի կողմից տրված գնահատականները, նկատեց, որ Ազարյանը մեկ տասնամյակ առաջ դատավճիռներ է կայացրել, որոնցում նա խաղաղ ցուցարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես մասսայական անկարգություններ, հրկիզումներ ու ջարդեր իրականացնողներ:
«Նա այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, իսկ չհայտնելու դեպքում պարտավոր էր բարձրաձայնել այդ մասին, որ նա կայացրել է այդպիսի դատավճիռներ, որից հետո ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչները նրան բացարկ կհայտնեին»,-հայտարարեց նա:
Սասուն Խաչատրյանի խոսքով` Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը բեկանման հիմք է, քանի որ այն քննվել է դատարանի ոչ օրինական կազմով:
«Ազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում իրականացնելով նախագահի պարտականությունները, ինքն իրեն է մակագրել տվյալ գործը: Նա կողմերին տեղյակ չի պահել, որ այս գործերով մարդկանց է դատապարտել և ունի գործի և դեպքերի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք»,-ասաց նա:
Հարցին թե դատախազը կամ քննիչը նույնպե՞ս տեղյակ չէին, որ դատավորին բացարկ հայտնեին, ՀՔԾ պետը պատասխանեց, որ տեղյակ չի եղել: