կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 15:42
Հասարակություն

«Իմ քայլում» չեն ժխտում` Վահե Գրիգորյանն «իրենց հետ քայլած ունի»

«Իմ քայլում» չեն ժխտում` Վահե Գրիգորյանն «իրենց հետ քայլած ունի»

Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է Սահմանադրական դատարանի թափուր անդամի պաշտոնում: Հիշեցնենք, որ սա Գրիգորյանի` «նույն գետով» անցնելու երկրորդ փորձն է: Դեռ մեկ տարի առաջ 6-րդ գումարման խորհրդարանի  մեծամասնությունը` ՀՀԿ-ականները, «մերժել» էին նրան:

Ի դեպ, Վահե Գրիգորյանն այն փաստաբանն է, որի համար նախագահ Արմեն Սարգսյանը «ոչ լեգիտիմ» է:

Նշենք, որ մամուլում ու խորհրդարանի կուլիսներում խոսվում էր, թե իշխանություններն այնքան են մերժելու ՍԴ այլ անդամների թեկնածությունը, քանի դեռ իրենց մտերիմ Գրիգորյանը չի ընտրվել: Իսկ որ նա իմքայլականների մտերիմն է, մեծամասնության պատգամավորները` ի դեմս ԱԺ նախագահի, չեն էլ թաքցնում:

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ, արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով, բավական մեծ ընդհանրություններ կան»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու հավելեց. «Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը: Շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում»:

Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ մեկ ժամ առաջ Վահե Գրիգորյանն ԱԺ է եկել, ըստ երևույթին` իր հետ քայլած ընկեր-պատգամավորներից մեկի հրավերով: Ենթադրվում է, որ քննարկելու են, թե նրա թեկնածության քվեարկության ժամանակ ինչպիսի դիրքորոշմամբ պետք է ներկայանան մյուս պատգամավորներին ու լրագրողներին: