կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 11:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հնարավոր դավաճանության գործը կցել են դրա հետ կապ չունեցող գործի․ Արա Զոհրաբյան

Մենք ասում ենք՝ կա դավաճանության հիմնավոր կասկած՝ հարուցեք քրեական գործ և ստուգեք, այնինչ այդ գործը կցել են Մովսես Հակովյանի մասով հարուցված քրեական գործին, որը դրա հետ կապ չունի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր նորքի 4-րդ զանգվածի նստավայրի, շենքի առջև, որտեղ քննում են ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոքը։

Փաշինյանի հնարավոր դավաճանության գործով հաղորդման մեջ նկարագրված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչև պատերազմը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այդ թվում նաև կորոնավիրուսով պայմանավորված՝ երբ կառավարության նիստում հրապարակում է մեր որոշ պարենային պաշարների տվյալները, նաև պատերազմի ընթացքում Փաշինյանի որոշ գործողություններ, երբ, օրինակ, մեր պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալներ է հրապարակում։

«Մենք այդ բոլոր փաստերը առաջարկել ենք դիտարկել այն անկյան տակ, որ, միգուցե, այստեղ եղել է պետական դավաճանություն։ Մենք, իհարկե, անմեղության կանխավարկածը չենք խախտում, մենք ասում ենք, որ կա այսպիսի հիմնավոր կասկած՝ հարուցեք քրեական գործ և ստուգեք։ Այնինչ, այն գործը, որ հիմա հարուցված է Մովսես Հակոբյանի մասով, լրիվ ուրիշ հանցագործության օբյեկտի է ուղղված, այսինքն, դա վերաբերում է պետական ծառայությանը՝ իրենք հարուցել են պաշտոնեական լիազորություները չարաշահելու հիմքով։ Մինչդեռ, մենք հիմա խոսում ենք «պետական դավաճանություն» հանցագործության հնարավորության մասին, որը հանցագործության հետևյալ օբյեկտն է պաշտպանում՝ պետական անվտանգությունը։ Դրանք լրիվ տարբեր տեսակի հանցագործություններ են, և մենք կարծում ենք, որ նույնիսկ արդյունավետ չի կարող լինել այդ քրեական գործի շրջանակում ստուգել այս փաստերը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Փաշինյանի հնարավոր դավաճանության մասին հաղորդումը ներկայացրել էին դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազին, ապա գլխավորդատախազը այն  ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։

Արա Զոհրաբյանն ասաց, որ կարգն  այն է, որ՝ եթե քրեական գործ հարուցելու առիթը և կարգը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել։

«Քննչական մարմինը 3 որոշում կարող է կայացնել՝ քրեական գործ հարուցել, հարուցումը մերժել, կամ ուղարկել ըստ ենթակայության՝ օրինակ Քննչական կոմիտե։ Գրել են՝ ձեր այս հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի առիթով հարուցված քրեական գործի նյութերին, և քննելու են այդ գործի շրջանակներում։ Մինչդեռ, քրեական դատավարության օրենսգիրքը այդպիսի կարգավորում չունի։ 3 որոշում՝ որևէ 4-րդ ճանապարհ այստեղ չի կարող լինել»,-պարզաբանեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը։

Եվ փաստաբանները հիմա բողոքարկել են նրանց անգործությունը և դատարանից խնդրել են իրենց իրավունքի խախտումը վերացնել, այսինքն, պետք է պարտավորեցվի Հատուկ քննչական ծառայությանը, որ պատշաճ որոշում կայացնի։

Մանրամասն՝ տեսանյութում․