Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի` հիմնավոր լինել-չլինելու հարցը շարունակում է քննվել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նիստի ընթացքում ներկայացրեց Արցախի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
«Կարևորելով, որ գործի բացահայտումը պետք է կատարվի բացառապես իրավական ճանապարհով՝ արդար դատաքննության իրականացման միջոցով, և հաշվի առնելով Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ վաստակը երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և Հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քր. օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ամբողջ ընթացքում նրա դատարան ներկայանալը, դատավարական պարտավորությունների կատարումը, ուստի խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված այլ խափանման միջոցով»,- ասված է երաշխավորագրում:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ երաշխավոր հանդես եկող անձինք պետք է ներկայանան դատարան և վերահաստատեն իրենց կամաարտահայտությունը, դա պահանջում է Քրեական դատավարության օրենսգիրքը:
«Բնական է, որ պետք է դատարան հրավիրվեն երաշխավորները, պետք է պահպանվի դատարանի կողմից նշված ընթացակարգը, դատարանը պետք է համոզվի` նրանց կամաարտահայտության հետ կապված, որից հետո կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ավելի վաղ այս հարցով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Ի պատասխան` դատախազությունը նշել էր, որ դիմումի քննարկումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: