Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակաօրինական ոչ մի արտահայտություն մեկնաբանել չեմ ուզում, գոյություն ունի օրենք, գոյություն ունի կանոնակարգ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ համայնքապետերի հասցեին արաված այն հայտարարություններին, թե իբր ընդդիմությանը սատարած համանքապետերը կենթարկվեն կադրային ջարդի։
Վերջերս էլ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարեց, թե ընտրություններում պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան։ Նշենք, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությանից հետո, որով Արցախի 75 տոկոսը տրվեց Ադրբեջանին, պարտված ղեկավարի հրաժարականի պահանջով հանդես եկան Հայաստանի մարզերից տասնյակ համայնքապետեր, այդ թվում՝ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը։
Մենուա Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքի սահմանային հատվածներում։ Հիշեցնենք, որ մինչ օրս ադրբեջանական զորքը դուրս չի եկել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերից, մինչդեռ փաշինյանական շրջանակները պնդում էին, որ ընտրություններից հետո ադրբեջանական զորքը կհեռանա Հայաստանի սուվերեն տարածքներից։ «Սյունիքում իրավիճակը նույնն է, այնպես, ինչպես եղել է ընտրություններից առաջ։ Տեղ գյուղի հետ կապված խնդիր էր առաջացել, սակայն Արավուսի վարչական ղեկավարի եւ ռուսների փոխհամագործակցության արդյունքում լուծվել է»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ շատերը զարմացած են, թե ինչպես Փաշինյանը Սյունիքում կարողացավ այդքան ձայներ հավաքել, առավելապես զարմացած են Շուռնուխի թվերից, Գորիսի փոխքաղաքապետն արձագանքեց․ «Շուռնուխում քվեարկել է 43 զինվորական, հետեւությունները թողնում եմ Ձեզ։ Այս պահին գործընթաց է գնում ընտրությունների կեղծման, ընտրախախտումների վերաբերյալ, սպասենք իրավական պատասխանի։ Մեր ժողովուրդը չի գիտակցում, թե ինչ է կատարվում իրականում։ Ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով էր սխալ, ապավինենք ժամանակին»։
Լիանա Սարգսյան