Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքրքիր է, եթե մեր երկրում ստեղծվի «Բոլոր ժամանակների թանգարան», և յուրաքանչյուր տարվա համար ընտրվի մեկ նմուշ, որո՞նք կլինեն 2018-2019-2020-2021 թթ․ սիմվոլները։ Հավանաբար, 2018-ինը կլինեն ծափահարող ձեռքերը (դմփ-դմփ-հու), 2019-ինը՝ նույն այդ ձեռքերը՝ հորիզոնական պարզած, 2020-ը գուցե յաթաղանի կամ մանգաղի տեսքով ներկայանա, իսկ 2021-ի սիմվոլը հաստատ մուրճը կլինի, նախամարդու մուրճը, որն այնքան սիրով ընդունեց մեր ժողովրդի մի մասը (ասում են՝ 600 հազարից ավելի՝ պլյուս-մինուս կեղծվածները)։
Ինչևէ, վերջին երկու տարիների սիմվոլները միասին կլինեն մուրճը և մանգաղը՝ արտաքնապես անմեղ աշխատանքային գործիքներ, բայց խորքում մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ նեոբոլշևիզմն արթնացնող։ Իսկ բոլշևիզմը ենթադրում է նաև հանուն ինչ-որ կեղծ նպատակների ռեպրեսիաներ․․․
Մի քանի օր է անցել սրանց «հաղթական խրախճանքից», բայց արդեն վերջնաժամկետներ են հնչում՝ ուղղված այն համայնքապետերին, դպրոցների ու պոլիկլինիկաների տնօրեններին, որոնք չեն կիսում իրենց հայրենիքը թշնամուն մատուցող մտայնությունը։ Իսկ ռեպրեսիան ամբողջական չէր լինի, եթե թիրախում չհայտնվեն մտավորականները։ Նրանք, եթե իրենց թիմից չեն, կարող են տուժել ոչ միայն անհատապես, այլև ամբողջ կազմակերպությամբ։ Զորօրինակ՝ Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը։ Քանի որ այդ կազմակերպության անդամներից շատերն ունեն ազգանպաստ դիրքորոշում և այդ մասին բարձրաձայնում են՝ կարծելով, թե կա ազատ խոսքի իրավունք․ նրանց Շիրակի մարզպետարանի կողմից հատկացված իրենց գրասենյակային տարածքն ազատելու վերջնաժամկետ է ներկայացվել։ Այս ողորմելի քայլը ծիծաղելի կլիներ, եթե խորքում չերևար մուրճի ու մանգաղի սիլուետը (իսկ գիտե՞ք, որ մի ամբողջ մարզի գրական կազմակերպությանը շռայլորեն հատկացված այդ գրասենյակը գտնվում է մարզպետարանի… նկուղում)։ Այսինքն՝ եթե գրողներին 37-ին КГБ–ի նկուղներն էին բաժին հասնում, ապա այսօր ազատ խոսքի բաստիոն մեր երկրում նկուղներն անգամ շատ են համարում նրանց։
Դե ինչ՝ պողպատյա մանդատը Ստալինից ժառանգածը փորձում է այն աջ ու ձախ կիրառել․․․ Մնում է միայն հիշենք մեր պապերի խոսքն ամեն մարդու սրած «ղազլուխի» մասին․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ