|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին` քննարկման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։