Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հատկապես վերջին օրերին, երբ ակտիվորեն քննարկվում է 2008թ. մարտի 1-ին նախագահ Քոչարյանի՝ արտակարգ դրություն սահմանող հրամանագրի սահմանադրականության հարցը, Քոչարյանի փաստաբանները հիշեցնում են, որ երբ խոսքը սահմանադրականության մասին է, ապա դա պետք է որոշի ՍԴ-ն, այլ ոչ թե ՀՔԾ-ն կամ դատարանները, նաեւ հիշեցնում են Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը: GPartners իրավանաբանական ընկերության կառավարիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սարգիս Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է այս հարցին, նաեւ տվել հրամանագրի իրավական գնահատականը.
«Նախ և առաջ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ, 2005 թվականի փոփոխություններով գործած Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն, Ազգային ժողովը կարող էր չեղյալ հայտարարել արտակարգ դրության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը (սահմանադրական հսկողություն), մինչդեռ 2008 թվականի մարտի 2-ին տեղի ունեցած` Ազգային ժողովի արտահերթ նիստում արտակարգ դրության հայտարարումը ճանաչվել է անհրաժեշտ և իրավաչափ: Երկրորդ՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցի լուծման բացառիկ իրավասությունը պատկանում է Սահմանադրական դատարանին, այլ ոչ թե Հատուկ քննչական ծառայությանը կամ դատախազությանը: Այսինքն` միայն Սահմանադրական դատարանին է վերապահված իրավաստեղծ գործընթացը վերահսկելու իրավազորությունը: Սահմանադրությունը հստակ նշում է, որ Հայաստանում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։
Եվ երրորդ՝ նախագահի հրամանագրի օրինականությունը գնահատելու նպատակով պետք է նաև վերլուծել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի դրույթները: Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը իրավունք է վերապահում անդամ երկրներին` ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ: Պետք է նշել, որ որևէ միջազգային կառույց, մասնավորապես` Եվրոպայի խորհուրդը չեն արձանագրել Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների խախտում Հայաստանի կողմից»:
2005 թվականի փոփոխություններով գործած Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը, ըստ Գրիգորյանի, սահմանում է, որ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ ու այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին: «Այս համատեքստում պետք է հիշատակել, որ, չնայած այն հանգամանքին, որ 2008 թվականի դրությամբ ընդունված չէր համապատասխան օրենքը, որը կսահմաներ արտակարգ դրության իրավական ռեժիմը, այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ մասը թույլատրում էր նախագահին հայտարարել արտակարգ դրություն և իրականացնել համապատասխան միջոցառումները նույնիսկ նշված օրենքի բացակայության պայմաններում: Նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգ կարող է առաջանալ նաև այն պայմաններում, երբ Ազգային ժողովի կողմից չի ընդունվել համապատասխան օրենքը, և եթե նախագահը չունենար համապատասխան լիազորություններ, ապա նրա անգործության արդյունքում կարող էին վրա հասնել անդառնալի հետևանքներ»,-ընդգծեց Գրիգորյանը:
Իսկ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի մասին էին, ըստ նրա, խոսում /2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ստեղծված` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված/ փաստերը՝ թվով 12 վնասված և թալանված օբյեկտներ, քաղաքապետարանի հարակից տարածքում և կենտրոնական փողոցներում հայտնաբերված` 1000-ից ավելի մետաղական փող և մահակներ, 61 շիշ դյուռավառ հեղուկ` «Մոլոտովի կոկտեյլ» և այլն:
Գրիգորյանը կրկին անդրադարձավ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի չեզոքացման համար զինված ուժերի ներգրավման պնդումներին: «ՀՀ ՊՆ 0038 հրամանը որևէ աղերս չունի արտակարգ դրության շրջանակներում զինված ուժերի օգտագործման հետ: Նշված հրամանի նպատակն է եղել զերծ պահել զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու վտանգից: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական կարգի պահպանման նպատակով զինված ուժերի ներգրավման փաստին, պետք է ասեմ, որ դրա համար հիմք է հանդիսացել բացառապես նախագահի հրամանագիրը: Նման խնդիրների լուծման համար զինված ուժերի ներգրավման օրինականությունը ստուգելու համար անհրաժեշտ է անդրադառնալ 2007 թվականին ստորագրված և 2008 թվականին ուժի մեջ մտած` ՀՀ ռազմական դոկտրինի 4-րդ հոդվածի 1 կետին, որը սահմանում է, որ ՀՀ ռազմական անվտանգության ներքին սպառնալիքների թվին է դասվում ՀՀ սահմանդրական կարգին սպառնացող անմիջական վտանգը: Նույն դոկտրինի 41-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերից են սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործողությունները: ՀՀ նախագահի կողմից զինված ուժերին նման կարգադրություններ տալու լիազորությունները հիմնված էին մի կողմից ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ մասի վրա, որը սահմանում էր, որ ՀՀ Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, մյուս կողմից 2008 թվականի դրությամբ գործած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի վրա, որը սահմանում էր, որ ՀՀ Նախագահը համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»,- նշեց Գրիգորյանը եւ հավելեց, որ, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։