կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 13:07
Հասարակություն

ՄԻՊ-ը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

ՄԻՊ-ը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանին ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ»:

Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա տեղում ծանոթացել են խնդրին: Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպությունը խնդրի կապակցությամբ դիմել է տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն:

Ավելին՝ շենքի պարագծով գտնվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, սակայն վերջինիս պատասխաններից պարզ չէ, թե Կինոյի տան հարակից տարածքը համայնքային, թե մասնավոր սեփականություն է: Այս պատճառով կազմակերպության համար անհասկանալի է, թե որ պետական մարմինն է իրավասու իր կողմից բարձրացված խնդրի քննարկման և կարգավորման հարցում:

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քանդված թեքահարթակի փոխարեն կառուցված երկու թեքահարթակները (շենքի դիմային հատվածում և գլխավոր մուտքի աստիճանների) մատչելի, հարմար և անվտանգ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում, որ Կինոյի տան գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքը մատչելի, հարմար և անվտանգ կերպով՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության և խտրականության:

Խնդրի կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով գրություններ կհասցեագրվի իրավասու պետական մարմիններին:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: