կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 17:03
Մշակույթ

Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է՝ Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների (լուսանկարներ)

Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է՝ Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների (լուսանկարներ)

Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան շենքը շարունակում է ենթարկվել անօրինական զավթումների․ ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ: Հրապարակման մեջ նշված է.

«Դեռևս չէինք հասցրել վերջնական իրավական ընթացք տալ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան շենքի՝ Արամի փողոցի հատվածում կառուցվող ռեստորանի տերերի կողմից Կինոյի տան ներքին բակի անօրինական զավթման գործին, հունիսի 12-ի երեկոյան Արամի փողոցի անկյունում գտնվող՝ այս անգամ սրճարանի տերերը, սկսեցին քանդել Կինոյի տան գլխավոր մուտքի աստիճանավանդակին կից թեքահարթակը:

 
 
 

 

Ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ:

Թեպետ մեր ահազանգին օպերատիվորեն արձագանքեցին ինչպես Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն համայնքի ղեկավարի աշխատակազմի, Կենտրոնի ոստիկանության համապատասխան ծառայությունները, իրականացվեցին համապատասխան գործողություններ, սակայն սրճարանատերերը՝ օգտվելով քարոզարշավի օրերից, նաև ցուցադրաբար ակնարկելով իրենց նախընտրության մասին (լուսանկարում պատկերված պաստառը հայտնվեց հենց ապօրինի շինարարության ընթացքում և հանվեց դրա ավարտից հետո), ոչ միայն ցինիկաբար շարունակեցին ապօրինի շինարարական աշխատանքները՝ խաթարելով այդ հատվածի ճարտարապետական տեսքը և միջավայրը, այլև վնասեցին Կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող գույքը՝ նյութական և բարոյական մեծ վնասներ հասցնելով միությանը:

Արհամարհելով թե՛ քաղաքապետարանի, թե՛ ոստիկանության, թե՛ թաղապետարանի կողմից իրականացվող գործողությունները, այս անգամ Կինոյի տան գլխավոր մուտքի աստիճանների վրա, որը միության գույքն է, առանց Կինեմատոգրաֆիստների միության համաձայնության, առանց նախագծային և ճարտարապետական օրինական փաստաթղթերի, իրենց ճաշակով և իրենց պատկերացմամբ արագ, մեկ գիշերվա ընթացքում կառուցեցին նոր, օգտագործելու համար ոչ նպատակահարմար, քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող այսպես կոչված «թեքահարթակ»՝ այսպիսով Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը զրկելով հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու ելքից, խոչընդոտելով այն նախագծերի իրականացմանը, որոնցով Կինեմատոգրաֆիստների միությունը նախատեսում է իրականացնել Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում՝ ստեղծելով կանաչ ու մշակութային միջավայր:

Մասնավորապես նախատեսվում է այդտեղ կառուցել ժամանակակից քաղաքաշինական լուծումներով աստղային պուրակ՝ Գուրգեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, հայ կինոյի մյուս մեծերի գործը հավերժացնելու, ինչպես նաև ապագա կինոթանգարանի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային, զբոսաշրջային միջավայր» մշակութային հանգույցի մուտքը կահավորելու համար:

Այս ցինիկ, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների վրա ենք հրավիրում ՀՀ կառավարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի և պատկան մյուս կառույցների ուշադրությունը:

Հույս ունենք, որ անհապաղ կապամոնտաժվեն այս անօրինական կառույցները, կփոխհատուցվեն Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությանը պատճառված վնասները և կվերականգնվի քաղաքի կենտրոնական հատվածներից մեկի առանց այն էլ խաթարված ճարտարապետական տեսքը»: