կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 10:01
Քաղաքական

Պողոսի ընտրական էգոն

Պողոսի ընտրական էգոն

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները բերեցին հուսախաբության նոր և ավելի մեծ ալիք: Շատերի մոտ՝ թերևս վերջնական հուսախաբություն, որ այս երկրում ընտրություններով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել: Արտահերթ ընտրություններին մասնակցածների շուրջ 54 %-ը, եթե ոչ՝ ավելին, այդպես էլ չընկալեց այս ընտրությունների նշանակությունը հայկական պետա­կա­նու­թյան պահպանման առումով, և դա հավանաբար այն պատճառով, որ նրա համար «ազ­գային պետությունն» ու «պետականությունը» գոյություն չունեցող, վերացական բաներ են, պարզապես բառեր ...  Այդպիսիների համար վերջին երկու տարիներին շրջան­առու­թյան մեջ դրվեց «պողոս» խորհրդանշական անվանումը: Այս արտահերթ ընտրու­թյուն­ները ցույց տվեցին, որ 2018-ի համեմատությամբ «պողոսների» թիվը շուրջ երկու հարյուր հազարով նվազել է մեր երկրում, բայց դա դեռևս բավարար չէ համա­պե­տա­կան կյանքի ընթացքի վրա ազդելու, այն դեպի ազգային-պետական ար­ժեք­ներն ուղղորդելու համար: «Պողոսները» մեր գործընկերներն են կամ երբեմնի համախոհ­նե­րը, մեր հարևաններն են ու ար­յու­նակիցները, հետևաբար, եթե նույնիսկ առաջին­նե­րին փորձենք ջնջել մեր կյանքից, ապա վերջինների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը պարզապես հնա­րա­վոր չէ: Մենք պիտի շարունակենք ապրել մեր «պողոսների» հետ կողք կողքի՝ դրանից բխող բոլոր հե­տևանք­ներով: Հավանաբար այդ հանգամանքը գիտակցում են նաև «դուխով պողոս­ները», որոնց կարծիքով այս անգամ արդեն «պողոսների» ընտրազանգվածն իրենց օժտել է «պողպատյա մանդատով», չնայած որ այդ մանդատի ետևում շուրջ երկու հարյուր հազարով ավելի քիչ ձայներ են, քան 2018-ի ԱԺ արտահերթ ընտրու­թյուն­ների «թավշյա մանդատից» հետո: «Դուխո՛վ պողոսներ», մոռացե՛ք ձեր այսպես կոչված «պողպատյա ման­դատի» մասին, փակե՛ք թատերական ներկայացման այդ էջը ևս, որովհետև արդեն իսկ պիտի հասկացած լինեիք, որ ձեր առջև կանգնած են իրապես պող­պատյա կամքով օժտված մարդիկ, որոնց չեն կարող ընկճել ո՛չ «պողոս­ների» կողմից ձեզ շնորհված «մանդատը», ո՛չ ձեր հրապա­րա­կային ղժղժոցները և ո՛չ էլ նույն­իսկ ապօրինի ձերբակալումներն ու դատավա­րու­թյունները: Ի տարբերություն ձեզ, որ ընտրությունների արդյունքները դիտում եք սոսկ իբրև սեփական իշխանությունը երկարաձգելու և այդպիսով ձեր ապազգային (= թրքահաճո) ծրա­գրե­րը իրականացնելու միջոց, մեզ համար դրանք հանուն հայրենիքի և պետա­կա­նության կենաց-մահու պայքար են, հետևաբար հույս չունե­նաք, թե այսուհետև ձեր առջև տեսնելու եք խեղճացած, առավել ևս՝ ձեր ողոր­մա­ծու­թյանը հանձնված մարդիկ:

Վերջին 3 տարվա ընթացքում «պողոսը», երկրորդ անգամ իրացնելով իր ընտ­րա­կան իրավունքը, ձեռնաշղթաներ հագ­ցրեց մեր հայրենիքի ազատությանը, ի՛ր իսկ ազատությանը՝ չունենալով իր արարքի ծանրության անգամ նվազագույն գիտակ­ցու­մը: «Պողոսը» այլևս չի ճանաչում հեղինակություններ: «Պողոսին» ներշնչել են, որ «դուխովների» Հայաստանում ինքն է իշխանության իրական կրողը, որովհետև կարող է «դուխով» կեպի կրել, ինչպես իր ընտրած իշխանիկները, բայց «պողոսը» չգիտի, որ տարբեր նյութերից են պատ­րաս­տված իր և իր ընտրած իշխանիկների կրած կեպիները: «Պողոսը» շարու­նա­կեց այս արտահերթ ընտրությունները դիտել իբրև հերթական ընտրություններից մեկը, որը վճռում է պարզապես իշխանության հարցը: Մնացածը նա համարեց գե­ղե­ցիկ բառեր, որոնցով սովորաբար քողարկվում են իշխա­նու­թյան համար պայքար մղողների իրական մտադրությունները: Այդ պատճառով էլ նրանցից շատերը չլուծված անձնական հարցեր լուծելու անթաքույց մղումով գնացին զանազան գործ­արքների: Այլ կերպ՝ համապետական և համազգային նշանակության ընտրու­թյունները կրկին իջեցրին կենցաղային մակարդակի: Եվ արտառոցն այն է, որ այդպես մտածեցին նաև Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի «պողոսները», որոնք, թվում է, պիտի որ ավելի շոշափելի զգային իրենց ճակատներին ուղղված թուրքական զենքի փողը:

Այսպիսին է մեր իրականությունը: Ամոթալի՛ իրականությունը, որը, սակայն, «պողոսը» անկարող է գիտակցել: Այն իրականությունը, որի համար «ընտրությունները ազատ և օրինական գնահատող» օտարը (դա նրա քաղաքական գնահատականն է) իրականում մեզ այլևս արհամարհում է՝ իբրև ուղեղի մթագնում ապրող ժողովրդի: Առ­այժմ ոչ մի կերպ հնարավոր չի լինում կանգնեցնել մեր պետականության գահա­վի­ժումը: Հետպատերազմյան ընթացքում սկսված Հայրենիքի փրկության շարժման հա­մառ պայքարը միայն ժամանակավորապես դանդաղեցրեց գահավիժման ընթացքը, բայց չհաջողեց այն կանգնեցնել: Դատելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակիցների թվից՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող բնակչության կեսը բաց­ար­ձա­կա­պես անտար­բեր է իր շուրջը կատարվողի նկատմամբ, նրա համար միևնույնն է, թե ինչպիսի Հայաստանում են ապրելու իր ժառանգները կամ արդյո՞ք «ապագա կա» այդ Հայաստանում: Նա իր և իր ժառանգների ճակատագիրը տնօրինելու իրավունքը հանձ­նել է «պողոսներին»: Իր կարծիքով ինքն իրեն վեր է դրել «երկրային ցածր գործ­արք­ներից», այնինչ՝ «պողոսը» հմտորեն օգտվում է նրա կրավորական կեցվածքից և իր էգոն պար­տա­դրում ողջ երկրին: «Պողոսը», որի արնակալած աչքերը չեն տեսնում նույնիսկ տեղի ունեցող գործընթացների մակերեսը, իրեն համարում է ամենից հմուտ քաղա­քագետը, ռազմական ստրատեգն ու տնտեսագետը, իսկ մյուս բոլոր կար­ծիք­ները միայն իրեն ճիշտ ճանապարհից շեղելու նպատակ ունեն:

«Պողոսները», որ բացարձակ իմաստով փոքրամասնություն են (ըստ վերջին ընտրությունների նախնական պաշտոնական տվյալների՝ մոտ 26,5 %), հավակնում են հոխորտալ մեծամասնության կեցվածքով: Իրենց ժողովուրդ երևակայող «պողոս­նե­րին» ժամանակն է հիշեցնել ժողովրդական մի ասացվածքի մասին՝ ասա ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Քո ընկերը, «պողո՛ս», ստախոս է, «քցող», ճղճիմ ու վախկոտ, տգետ ու հայրենադավ: Կողմնորոշվիր, թե ով ես դու:

 

Վարդան Պետրոսյան

23. 06. 2021 թ.