Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարո՞ղ է որեւէ մեկը հիշել, թե պաշտոնավարումից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հետ քանի խորհրդակցություն է անցկացրել: Անթիվ-անհամար են դրանք: Կարո՞ղ է որեւէ մեկը հիշել, թե այդ խորհրդակցություններն ինչ լուրջ հետեւանք են ունեցել, դարձյալ չեք հիշի...
Հերթական խորհրդակցությունն էլ օրերս էր, կրկին աղմկահարույց, կրկին թունդ ընդդիմադիրի, «ջղային ձյաձյայի» կերպարով ու, կարծում ենք, կրկին օդի տատանում կամ, որ նույնն է, հերթական քամին կլինի:
Նախագահը զայրացել է, որ Վերահսկիչ պալատը պետական սեկտորում իրականացված չարաշահումները ոչ միայն 500-600 անգամ շատ է բացահայտել, այլեւ դեռ մի բան էլ քաղաքական ու իրավական գնահատական է տալիս:
Նախագահը ձեռքը խփեց սեղանին... Սերժ Սարգսյանը տարին մի քանի անգամ ձեռքը խփում է սեղանին, ու արդեն դժվար է կռահել՝ որը պետք է լուրջ ընդունել, որը՝ ոչ, որ ասածն է իրականացնելու, որը՝ նույն պահին մոռանալու համար: Չնայած` գրեթե ոչ մի ասածն էլ իրականություն չի դառնում:
Սերժ Սարգսյանը, դատելով իր հինգուկեսամյա նախագահական գործունեությունից, սիրում է իր ղեկավարած պետական ապարատը ցածրացնել՝ հզոր երեւալու համար, ցույց տալ, թե բոլորը թամբալ են, աշխատում է միայն ինքը: Արդեն սովորական բան է դարձել հեռուստատեսությամբ տեսնել զայրացած, սաստող նախագահին ու ասել՝ տեսեք, թե ինչ արեց: Բա հետո՞, արդյո՞ւնքը: Օրերը գլորվում են, հանձնարարականը մնում է հանձնարարական, նախագահի խոսքը՝ օդի տատանում: Ու մենք մոռանում ենք հանձնարարականների մասին այնպես, ինչպես ինքն ու իր կառավարությունը:
Կառավարության անդամներն իրենք էլ գիտեն, որ նախագահը պետք է նյարդային խոսի, ձեռքը խփի սեղանին, դժգոհի, գիտեն նաեւ, որ դրանից հետո եւս պետք է շարունակեն ոչինչ չանել, ինչպես որ չէին անում դրանից առաջ: Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանի մի ելույթի արդյունքում մի քանի խոշոր ձուկ որսար ուռկանը, հաջորդ խորհրդակցության եկող պաշտոնյաների կեսը թղթապանակում կունենային գրած-պատրաստ դիմումները: Բայց նրանք գալիս են խաղաղ դեմքով, կես բերան «թուք ու մուր» ուտում եւ նորից գնում... բյուջեի հետեւից ընկնելու...
Հանրապետականները կսկսեն, թե՝ տեսա՞ք` նախագահը ինչ հանձնարարականներ տվեց: Այդ հանձնարարականները, սակայն, պետք է տար ոչ տեսախցիկի առաջ. ցանկացած նախագահի համար ամոթ պետք է լիներ հայտարարել, թե` հարգելի' նախարարներ, ձեր հիմնարկներում Վերահսկիչ պալատը 70 տոկոս չարաշահման ռիսկ է հայտնաբերել:
Արդյո՞ք նախագահը չգիտի, որ իր ղեկավարած պետությունը թաղված է համատարած կոռուպցիայի մեջ: Քանի՞ անգամ է հայտարարվել, որ կառավարության տարբեր կառույցներ շատ հաճախ աննպատակ գնումներ են կատարում, զանազան պարգեւավճարներ, շքեղություններ են իրենց թույլ տալիս ճգնաժամային պայմաններում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը չգիտի, որ ինքը նախագահական ընտրությունների գնաց` իր հին ծրագիրը լիովին տապալած: Այս խորհրդակցությունը հենց պատեհ առիթն էր, որ անարդյունավետ, ավելին` քայքայիչ աշխատանքի համար կառավարության մի քանի անդամների հրաժարականը հնչեր:
Այս անգամ էլ արդեն անցնում են փակ խորհրդակցության. կուսակցության ներսում դեռ պետք է քննարկումներ իրականացնեն: Տեսնես միայն Վերահսկիչ պալատի բացահայտումնե՞րն են քննարկելու, թե՞ նաեւ մյուս վերահսկողական կառույցների հայտնաբերածը: Արդյո՞ք կուսակցության ներսում քննարկվելու է, թե Հովիկ Աբրահամյանի եղբայրը որդու հետ ինչու է նստել գյուղացու վառելիքի վրա, արդյո՞ք կքննարկվի, թե նախագահին հարազատ օլիգարխը ինչու է ցանկացել փայ մտնել հիվանդանոցից եւ արդյունքում փակել այն: Արդյոք կքննարկվի՞, թե ինչու հայ հասարակ մահկանացուներին չեն թողնում հարեւան Վրաստանից հնամաշ անվադողեր՝ ընդամենը չորս հատ, բերել ... Շարունակե՞նք: Արդյո՞ք ինչ-որ մեկը կպատժվի: Չենք հավատում: Ու հաստատ մենք չենք մեղավորը, որ այսքան կասկածամիտ ենք:
Որքա՞ն կարելի է ամեն անգամ նույն մարդկանց հավաքել շուրջբոլորը ու դասախոսություն կարդալ՝ հստակ իմանալով, որ սենյակից դուրս գալուց հետո նրանք մոռանալու են վայրկյաններ առաջ լսածը: Իսկ նախագահի` ձեռքը սեղանին խփելու արդյունքում ընդամենը նոր սեղան է գնում հիմնարկը պետական գանձարանի հաշվին, ՎՊ-ն էլ բացահայտում է, որ այդ սեղանը գնվել է շուկայականից 20 անգամ թանկ...
Մեր կառավարությունը նման է «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմի հերոս Պողոսին: Հիշո՞ւմ եք Նաջարյանի ու Պողոսի երկխոսությունը.
- Պողոս, հորթն ո՞ւր ա:
- Տվեցի տարան, էս էլ՝ ստացականը:
- Ո՞նց թե տարան, բա ես քեզ չասի` չտաս:
- Ո՞ւմ, ի՞նձ, չէ՜, ընկե'ր Նաջարյան: Երեկ քո տան մեջ բանավոր կերպով կարգադրեցիր:
- Բա ոտքդ չսեղմեցի՞, որ չտաս:
- Վա՜, ընկե'ր Նաջարյան, բա դու չես իմանո՞ւմ, որ էս ոտքս սախաթ ա, էս մեկելը պետք է սեղմեիր:
- Թո՛ւ, ո՜նց էի մոռացել:
Սերժ Սարգսյանը, հավանաբար, յուրաքանչյուր հանձնարարական տալիս սեղմում է իրենից աջ նստած վարչապետի ոտքը, թե՝ հանկարծ չանես, նա էլ՝ կողքի նստածինը...: Միայն մեկ հույս ունենք, որ նախագահը հանկարծ ու մի օր վարչապետի «սախաթ ոտքը» կսեղմի...
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ