կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 12:08
Քաղաքական

Սերգո ջան-ի ու պողոսի ապագան և Արցախի ուրացումը. «Անկեղծ ասած»՝ Գեղամ Մանուկյանի հետ

23 տարի առաջ, գրեթե այս ժամերին, երեկոյան էր, Հայաստանում գործող հանրային հեռուստատեսության եթերում գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Միայնակ, իր աշխատասեղանի առջեւ, դիմացը ելույթի տեքստը: Բովանդակությունը հայտնի չէր, բայց հասկանալի էր: Արդեն տեւական ժամանակ Արցախյան հարցում փուլային տարբերակով զիջումների գնալու, Արցախն Ադրբեջանի կազմի մեջ թողնելու բանակցային լուծման տարբերակը հանրային ու ներիշխանական բողոքի ալիք էր բարձրացրել: Առնվազն քաղաքական ետնաբեմում հայտնի էր, որ դրված էր նրա հրաժարականի հարցը: Այդ մասին էլ նա հայտարարեց՝ շեշտելով, «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր»:

Իմիջիայլոց հավելեմ, որ Իսրայելը շարունակում է համառել ու զիջումների չի գնում, մեզ մոտ տերպետրոսյանական զիջման տարբերակը հիմա արդեն կյանք է ստանում, սակայն՝ արյունոտ պատերազմից հետո: Տեր- Պետրոսյանի հրաժարականով Հայաստանում իշխանությունը հրաժարվեց, հանուն երեւութական ապագայի, անորոշ անվտանգության Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, անորոշ կարգավիճակով հանձնել ազատագրված տարածքները:

Տեր-Պետրոսյանի առաջ քաշած բանաձեւումը, որ Հայաստանը չի կարող երկար իր ուսերին կրել արցախյան չլուծված հիմնախնդիրն արդեն մի քանի ամիս քննարկման էր նետված հանրային լայն շրջանակներում: Դրա բանաձեւվված տարբերակը հրապարակվեց 1997 թվականի նոյեմբերի 1-ին «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» վերնագրով: Բայց դրանից մի քանի օր առաջ արդեն Հայաստանի այդ ժամանակվա նախագահը հասարակ մահկանացուներին այլ կերպ հանրամատչելի սպառնացել էր:

1997-ի սեպտեմբերի 26-ին՝ եզակի ասուլիսներից մեկի ժամանակ,  Տեր-Պետրոսյանը կոչ արեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում եւ համաձայնել համանախագահների առաջարկած փուլային կարգավորման ծրագրին, որի արդյունքում, ի վերջո, Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում: Նրա փաստարկները հանգում էին նրան, որ Հայաստանն այլ ելք ուղղակի չունի, որ քանի դեռ հակամարտության հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել տնտեսական զարգացման մեջ, ու երկիրն ապագա չունի: Ասածի հանրագումարը դարձավ թեւավոր խոսք՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»:

Սերգոն լրագրող Սերգո Երիցյանն էր, բայց այն առավել դարձավ ընդհանրական անուն, ինչպես այսօր Պողոսը, որը հրապարակ նետեց այսօրվա իշխանական պատգամավորը: Այս թեզը, որ Արցախն է խոչընդոտում Հայաստանի զարգացմանը, տնտեսական, սոցիալական առաջընթացին, կապին արտաքին աշխարհի հետ, հերքվեց հենց դրան հաջորդած տարիներին, երբ զարգանում էր տնտեսությունը, իսկ Արցախն աշխարհը դարձել էր համայն հայության գուրգուրանքի առարկա: 98-ին Տեր-Պետրոսյանի հեռացումով այս թեզը դարձավ լուսանցքային, բացառվեց դրա պետական, պաշտոնական քաղաքականություն լինելը: Այն, սակայն, չվերացավ հայ հանրությունից, այդ մասին միշտ էլ եղել են առանձին քննարկումներ, բայց փոքր խմբերի, խմբակների կողմից, տարբեր միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ ձեւավորված հայ-ադրբեջանական, հայ-թուրքական երկխոսությունների շրջանակներում: Անգամ եղել են դեպքեր, որ խորհրդարանական ընտրություններին են այս թեզի կողմնակիցները, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, «Խաղաղություն» կարգախոսով մասնակցել ընտրապայքարին ու հավաքել նվազագույն քվեներ: Թվում էր՝ Հայաստանի ապագան, տնտեսական զարգացումը, սոցիալական վիճակի հակադրումը Արցախին, Արցախյան հարցի հանգուցալուծմանը այլեւս չի կարող տեղ ունենալ Հայաստանի քաղաքական որեւէ ղեկավարության մտապատկերում: Քանզի ցանկացած դեպքում, երբ հակադրության մեջ են դրվում ազգային, ռազմավարական հարցն ու տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրները լուծելու խոստումները, ինքնին արհեստական է, բայց հանգեցնում է զիջողականության, առնվազն հակառակորդի, բանակցողների մոտ արդեն դիրքերը հանձնվածի դերով ես հանդես գալիս: Երկրի, ժողովրդի մի ողջ երեք տասնամյակի պայքարն ու տնտեսական աճի տոկոսներն անհամեմատելի են: Մի կողմում զոհաբերությունն է, պայքարն է, պետական, ազգային արժանապատվությունը, աշխարհի քարտեզին ծանրակշիռ տեղ ունենալը, ապահովությունը, անվտանգությունը, մյուսում՝ հարցերը հեշտ լուծելու՝ նույնիսկ ոչ հստակ երազանքները, զիջողությունը՝ ինչ-որ բան փախցնելու ակնկալիքով:

Այս երկընտրանքը միշտ էլ մերժվեց մեր հանրության կողմից: Բայց մատների արանքով նայելն էր, ինքնահանգստացումն էր, հանրային կարծիքի զանգվածային շահագործումն էր, տեւական ժամանակ միջազգային տարբեր նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների գործունեության հետեւանքն էր թերեւս, որ մի օր պետք է արձանագրենք՝ 2020 թվականին հայրենազրկումից հետո, Արցախի, մեր Հայրենիքի յոթանասուն տոկոսի կորստից հետո իշխանական, մերձիշխանական մեծ մասի մոտ այլեւս չկա Արցախի մասին մտահոգություն, որը թերեւս երբեք էլ չի եղել: Այլեւս բոլորը միաբերան սկսել են խոսել ճանապարհների, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկաթուղային կապի, ապրանքաշրջանառության, ինչ-որ մտացածին տնտեսական վերելքների մասին: Երբ սահմանին լարված է, երբ անորոշ է Արցախի ապագան, կարգավիճակը, անվտանգային խնդիրները, երբ ազգային անվտանգության ոլորտում համատարած ամենաթողություն է, երբ նույնիսկ զորակոչն է անորոշ, երբ թշնամին շարունակում է իր ընթացքը, իշխանությունն, այլեւս Արցախից ձեռքերը լվացած, ոսկե կով է խոստանում հասարակությանը, թե հիմա արդեն տնտեսական վերելք կունենաք, պատգամավորներն, իրար հերթ չտալով, խոսում են կոմունիկացիաների բացվելու մասին, երբ այլեւս իշխանության համար Արցախ աշխարհը՝ իր հավաքականությամբ, գոյություն չունի: Ու եզրակացնում ես՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» բանաձեւումը չէր մեռել, անհետացել: Այն թաքուն, ծածուկ փայփայել էին, գուրգուրել, անցնող տարիներին արդեն դավադիր կերպով, իշխանություն զավթելով դարձրել քաղաքականություն: Քանզի իրենք էլ համոզված են եղել, որ, Արցախից ձերբազատվելով, 29 հազարանոց Խորհրդային Հայաստանի երբեմնի տարածքում կուչ գալով, կարող են երկիր զարգացնել կամ պահել:

Ձերբազատվել են Արցախի հարցից ու հիմա այլեւս աթոռներից կառչած, թեկուզ դավաճանի պիտակով, փորձում են իշխել: Պատգամավորները թուրքի ու ադրբեջանցու հետ ապագայից խոսելու, ապագան նախագծելու կոչեր են անում, նախարարը խոսում է Ադրբեջանի միլիոնանոց շուկաների մասին: Անգամ այս հարցում ազնիվ չեն, փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը: Սին խոստումներով, սակայն, երկար չեն կարող կերակրել, քանի որ Ղարաբաղի հարցի՝ իրենց պատկերացրած այս լուծումից հետո, նախկին սերգոն, ներկայիս պողոսը ոչ թե լավ չեն ապրելու, այլ շատ ավելի վատ են ապրելու, քանի որ չունեն անվտանգություն, չունեն արժանապատվություն, չունեն այն երկիրը, որն աշխարհի քարտեզի վրա տեղ ուներ, հաղթող էր, հարգանք ունի, գործընկեր է, քանզի այս պարտությամբ մեր երկիրն ու ժողովուրդը զրկվեցին մեծ գանձից՝ հայրենիքի կարեւորագույն մի հատվածից, պատմությունից, արժանապատվությունից, հպարտությունից, անվտանգությունից, ապահով սահմաններից: Թեկուզ կուզեք տնտեսական առումով էլ ասեմ՝ պարենային, էներգետիկ, գյուղատնտեսական ապահովությունից: Սերգո-պողոսների՝ հիմա իրենց զավակներին Արցախ ծառայության չուղարկելը շահարկելով՝ իշխանական հանգստացումը վաղը պայթելու է, երբ զավակները կրկին լինեն մարտական հենակետում, թշնամու դեմ դիմաց, այս անգամ՝ Մեղրիում, Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում:

Անցյալն ու պայքարն ուրացող ներկա իշխանությունները դա չեն հասկանա, չեն գիտակցի, քանզի մեծացան ու հասակ առան Սերգո ջանին ուղղված կոչի ազդեցության տակ ու բերեցին աղետ երկրին ու ժողովրդին: Եվ անկեղծ ասած՝  հիմա երկընտրանքն է բոլորի համար՝ մի ափսե ապուրով կուշտ ապրող ստրո՞ւկ, թե՞ արժանապատվությամբ, հպարտությամբ, ապուրն էլ պայքարով ձեռք բերելով արժանապատիվ ու ազատ մարդը: Անգամ ստրուկների մեջ կլինեն ապստամբողներ, միշտ են եղել: