կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 12:09
Հասարակություն

Հայաստանում ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական Միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին ասվում է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարությունում:

«Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ, գնահատվել է դրական:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընդգծել է քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը:

Եվրոպական Միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին:

Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական Միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,- ասվում է հայտարարությունում: