կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 14:30
Հասարակություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հայտարարություն է տարածել ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հայտարարություն է տարածել ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ

Հայաստանում գործող ՎՏԲ բանկը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանն ի պատասխան, որում մասնավորապես ասված է. «Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային և ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաև դրամական միջոցների փոխանցման գործարքները և բանկային քարտերի օգտագործումը:

 

Ընդգծում ենք, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ: Visa և MasterCard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում:

 

Ներկայացնում ենք նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ պաշտոնական դիրքորոշումը.

 

“ՎՏԲ-ն ափսոսանքով ընդունեց ամերիկյան իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալ ներգրավելու բանկի հնարավորությունը: Մեր կարծիքով, այն բացարձակ ոչ ադեկվատ է, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաև ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են:

 

Այսպիսով, մենք դիտարկում ենք այս որոշումը որպես բացառապես քաղաքական շարժառիթներ պարունակող, անարդար, իրավական հիմքերին հակասող և երկկողմանի տնտեսական վնաս հասցնող: ՎՏԲ-ն համակարգ ձևավորող ռուսաստանյան ուժեղ վարկային ինստիտուտ է լայն միջազգային ներկայությամբ և կայուն ֆինանսական դիրքով: Չնայած ԱՄՆ խտրական որոշումներին` ՎՏԲ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները բաժնետերերի, հաճախորդների ու ներդրողների հանդեպ:

 

Կապիտալի շուկայի հասանելիությունը ՎՏԲ-ի համար սահմանափակելու ԱՄՆ որոշումը չի անդրադառնա բանկի գործունեության ու վարկունակության վրա: ՎՏԲ-ն համաշխարհային ներդրողների շրջանում լավ համբավ է վայելում: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կկարողանանք ներգրավել ռեսուրսներ»: