կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-27 17:10
Հասարակություն

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարություն է տարածել Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարություն է տարածել Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրության առնչությամբ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Թուրքահայ համայնքը իր ազատ կամքով պետք է ընտրի Թուրքիո հայոց նոր պատրիարքին

Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա իմ կարծիքով բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա: Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը և կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը, և տուրք չեն տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին:

Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրով երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության՝ հայերի նկատմամբ և ընդառաջել նրանց, որ իրենց ազատ կամքով ընտրեն Թուրքիո հայոց 85-րդ պատրիարքին համաձայն եկեղեցական ավանդույթի: Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը:

Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել: Կարծում եմ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես Նախաձեռնակ մարմինը պարտավոր են ներքին գործոց նախարարության պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկել և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնել երկրի պետական իշխանություններին: Քանզի այս կանոնադրությունը հակասում է մեր ազգային եկեղեցու անբաժան սկզբունքներին, հինավուրց ավանդույթներին և պատմության փորձաքննությունը հաջողությամբ անցած վաղեմի կարգ ու կանոնին:

Մենք և Թուրքիո հայությունը պարտավոր ենք հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ Աթոռը 12 տարի է զրկված է իր պատրիարքն ունենալու հնարավորությունից: Պատճառը դարձյալ օրենսդրական բացն է, այսինքն կանոնադրության անկատարելիությունը: Հետևանքները հայտնի են:

Ներկայումս, Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև, այսինքն չի բացառվում, որ կարող ենք կորցնել դեռևս 15-րդ դարից Սուլթան Մեհմեդի օրոք հիմնադրված Աթոռը, որքան էլ դա առաջին հայացքից իրատեսական չթվա մեզ:

Ուստի պետք է համախմբվել և դիմել իշխանություններին, որ վերանայեն կանոնադրության 25-րդ հոդվածի, Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, ինչը նախկինում երբեք չի եղել:

Օրհնությամբ՝

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Առաջնորդ Գուգարաց թեմի»

Ermenihaber.am