կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 12:00
Արցախ

Հայկ Խանումյանի առևանգման դեպքի վերաբերյալ ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հայկ Խանումյանի առևանգման դեպքի վերաբերյալ ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ԼՂՀ ոստիկանությունը պատգամավոր Հայկ Խանումյանի առևանգման ու ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հասարակությանը պարբերաբար իրազեկելու ԼՂՀ ոստիկանության հանձնառությանը հավատարիմ՝ հայտնում ենք, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես, ի թիվս այլոց՝

- կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր,

-  որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,

-  որոշում է կայացվել Հ.Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաև կատարվել է տուժողի հարցաքննություն,

-  որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ,

-  կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ»:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն»: