կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 11:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե վերցնում ես խրամատներ, պետք է դրանք ոչ միայն պահես, այլև ամրացնես․ Քոչարյանը՝ մանդատների մասին

Նոր խորհրդարանում «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի՞, թե՞ ոչ՝ դեռ վերջնական որոշում չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։

Իր անձնական կարծիքն արտահայտեց Սեյրան Օհանյանի մեջբերած պատկերավոր համեմատությամբ․ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց վերցնում ես ինչ-որ խրամատներ, պետք է այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես։ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ իերնք ստացել են լուրջ պայքարի համար նոր հնարավորություններ։

«Հայաստան» դաշինքը մտադիր է շարունակել պայքարը՝ համարելով, որ խորհրդարանական պայքարը միայն կարող է ուժեղացնել փողոցային պայքարը, որի մեծ փորձն արդեն ունեն․ այդ համատեղումը ուժեղացնում է հնարավորությունները։

Նա նկատեց, որ այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ խորհրդարանի և արտախորհրդարանական ուժերի։

««Հայաստան» դաշինքի մուտքը քաղաքական պայքար ցունամիի պես մի բան էր, մենք այս տեմպը պահելու ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իշխանության երեկվա հանրահավաքից նրա մոտ ստեղծվել է տպավորություն, որ ոչինչ չի փոխվելու, նրանք շարունակելու են անել նույնը, ինչ վերջին 3 տարում,  իրենք ընկալել են այս քվեները որպես վստահություն և, վաղ թե ուշ, կանգնած ենք լինելու նոր ընտրությունների առջև, շատ երկար դա չի տևելու։

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց այն 270 հազար ընտրողներին, որոնք հավատացել են իրենց և ձայները տվել «Հայաստան» դաշինքին։

«Ես հպարտ եմ, որ այդպիսի ժողովուրդ մեր թիկունքում կանգնած ունենք»,-ասաց նա։

Ընտրությունների արդյունքները անսպասելի էին մեզ համար և շատերի համար՝ խոստովանեց Ռոբերտ Քոչարյանը, առաջին հերթին այն պատճառով, որ  սոցիոլոգիական տարբեր կազմակերպությունների բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։

«Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքը քննարկելու համար։ Մեր շտաբների կողմից հավաքագրվում են այդ նյութերը, այս մի քանի օրը ի մի կբերենք և կպատկերացնենք ինչ ծավալի բողոք է լինելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ, ասաց նա, իերնց բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի հզոր էներգետիկայով։

«Իմ տպավորությունն է, որ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և դա էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ 3 նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, գյուղական վայրերում քիչ հանդիպումներ էինք ունենում։ Մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պարագայում կկարողնայինք փոխել և այդ պատերացումը։ Մարդիկ, վերջին պահին մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, քվեարկեցին իշխանությունների օգտին»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ սա հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չի կարծում, որ իշխանությունները գիտակցում են այս հանգամանքը։

Խոսելով «կրելու» և «պարտվելու» մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ որանք նախագահական ընտրություններ չեն, որտեղ մրցանակը մեկն է, և լինում են կրող և պարտվող, խորհրդարանականում պարտվում են նրանք, ով չի անցնում, բոլորը, ով անցնում է, պարտվող չի համարվում։

Մանրամասն՝ տեսանյութում․