Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշոցքի բնակիչ, ոստիկանության թոշակառու մայոր, ծնունդով՝ Ջավախքից Հովհաննես Քալաշյանը Աշոցքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ արդյո՞ք իշխանության գալու պարագայում կվերականգնի Ջավախքի դպրոցներին դասագրքեր տալու և ուսուցիչներին վերապատրաստելու ծրագրերը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ձեր իշխանության օրոք ջավախեցին ծաղկում էր․ ձեր օրոք գրքեր էր տպագրվում «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն» առարկաներից, և մենք մեր ընկերների հետ տանում, բաշխում էինք Ջավախքի հայկական դպրոցներում, միևնույն ժամանակ այդ ուսուցիչները ՀՀ-ում անվճար դասընթացներ էին անցնում։ Այս գործընթացը կվերականգնե՞ք»,-հարցրեց Հովհաննես Քալաշյանը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Ջավախքի վրա Հայաստանի ազդեցությունը պահելու, ինչպես նաև հային՝ տեղում պահելու միակ հնարավորությունը այդ ամենը անելն է։
«Երբ մենք ասում ենք՝ Սփյուռք, մտածում ենք՝ Ամերիկա, Եվրոպա, Արաբական աշխարհ, բայց խոսում ենք ընդհանրապես հայերի մասին, որոնք ապրում են Հայաստանից դուրս։ Մենք փորձում էինք Սփյուռքի պոտենցիալը ներգրավել Հայաստանի զարգացման համար, բայց հասկանում էինք, որ դա միակողմանի լինել չէր կարող․ որպեսզի հայերը այլ երկրներում մնան՝ հայոց լեզվին, պատմությանը, եկեղեցուն պետք է հաղորդակից լինեն։ Դա էր մեր նպատակը։ Եվ մենք ոչ միայն Ջավախքից, այլ ամբողջ աշխարհից էինք ուսուցիչներ բերում վերապատրաստման»,-ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ իր կառավարման տարիներին Հայաստանի կապը Ջավախքի հետ շատ սերտ էր, այն ժամանակ «Հայաստանը» նաև ազդեցություն ուներ Ջավախքի վրա, հետո ինչ-ինչ պատճառներով այդ ազդեցությունը նվազեց։
«Վրաստանում բոլոր ընտրությունների ժամանակ Վրաստանի իշխանությունը մեզ դիմում էր, որ աջակցենք իրենց ընտրությունների ժամանակ հայաբնակ վայերում․ այդ կարգի ազդեցություն մենք ունեինք։ Հիմա ոչ մեկը ոչ դիմում է, ոչ բան․․․ ազդեցությունը կորցրել ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։