Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցներն իրենց դռները բացեցին աշակերտների առջեւ' շատ դպրոցներ նոր կառուցված, շատերը' հիմնանորոգված, բայց բոլորն էլ' բարեկարգ. լրագրողներին այսօր ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս տարի դպրոց են սկսել հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ' ընդգծելով, որ վերջնական թվերը պարզ կլինեն մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ամեն դեպքում, ըստ հանրակրթության վարչության պետի, ԿԳՆ-ն պատվիրել է կանխատեսվող թվով այբբենարաններ ու մաթեմատիկայի դասագրքեր:
Ինչ վերաբերում է դպրոցների վերանորոգման ու ջեռուցման խնդիրներին, ապա Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի ավելանում են վերանորոգված ու ջեռուցվող դպրոցները, բայց եթե անգամ կաթսայատների միջոցով ջեռուցման համակարգեր որոշ դպրոցներում չեն տեղադրվում, դրանք այլ տարբերակներով ջեռուցվում են, ու ցուրտ դպրոցներ ներկայումս չկան:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նախատեսվա՞ծ են դպրոցների փակումներ: Բանախոսը պատասխանեց, թե նախարարության որդեգրած քաղաքականությունը դպրոցներ չփակելն է:
«Որովհետեւ եթե, օրինակ, ուսումնական տարում դպրոցն ունեցել է ընդամենը 1 նոր աշակերտ կամ չի ունեցել, բայց այդ դպրոցներում դեռ սովորում են բարձր դասարանցիներ, մեր մոտեցումն է, որ այդ դպրոցները չփակվեն, գործեն»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է քիչ աշակերտներ ունեցող դպրոցների ֆինանսավորման խնդիրներին, ապա բանախոսը տեղեկացրեց, որ այդ հարցը ներկայումս քննարկվում է: Միավորված դպրոցներ այս տարի չկան, բայց միավորված դասարաններ կան: Նարինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ եթե կան այնպիսի դպրոցներ, որոնք ունեն, օրինակ, 1-ական առաջին ու երրորդ դասարանցի, ապա այդ դասարանները կարող են միավորվել` պարապմունքները միասին անցկացնել, իսկ ԿԳՆ հրապարակած մեթոդական ձեռնարկները նման դեպքերի համար մոտեցումներ ու կարգ սահմանում են: Ամեն դեպքում, նշեց հանրակրթության վարչության պետը, ամեն ինչ արվում է, որպեսզի աշակերտները չտուժեն:
Դասագրքերի առնչությամբ Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր աշակերտների համար էլ դասագրքեր կան: 1-ին դասարանցիներին այբբենարաններն ու մաթեմատիկայի դասագրքերը տրվում են որպես նվեր. դրանք հետ չեն վերադարձվելու, իսկ մինչեւ 3-րդ դասարանցիների դասագրքերն էլ տրամադրվելու են անվճար: Միջին ու բարձր դասարանցիների դասագրքերի համար, արդեն, նախատեսված է վարձավճար:
Կա նաեւ հատուկ հանձնարարություն, նշեց բանախոսը, որ վարձավճարների գները փակցվեն դպրոցներում' երեւացող տեղերում, որպեսզի աշակերտներն ու ծնողները հստակ իմանան գները' այլ երևույթներից խուսափելու համար: Աշակերտների համար դասագրքեր գնել պետք չէ, նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, քանի որ անհրաժեշտ քանակության դասագրքեր կան: