Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:
Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա:
Նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ, իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի և թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:
Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի և աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից և արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:
Նշենք, որ դեպքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: