կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 17:40
Իրավական

Ալաշկերտի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ

Ալաշկերտի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։

2015թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6, այնուհետև` 5 երեխա, և բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն։

Երեխաների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզի սաների մոտ ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա անհայտ ծագման, գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակ, միջին ծանրության ձև», որն առողջությանը պատճառել է թեթև վնաս:

Նախաքննության ընթացքում մանկապարտեզում առկա բոլոր տեսակի սննդամթերքներից  և ջրից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատասննդային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

12.06.2015թ. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է 11.05.2015 թվականից մինչև 15.05.2015 թվականն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Համաձայն մանրէակրության, վարակակրության վերաբերյալ վարակի հետ շփված անձանց շրջանում անցկացված հետազոտության արձանագրությունների` երեխաներից մի քանիսի մոտ հայտնաբերվել է «Կլեբսիելա», իսկ մյուսների մոտ «Շիգելլա զոնե»:

Խոհանոցում կատարված հետազոտության արձանագրության համաձայն՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել սառնարանի միջից, պանրի և կարագի ամաններից, մաքուր ափսեներից, բաժակներից, գդալներից և դանակներից, կտրատած տավարի մսից, փլավի կաթսայից, խոհարարի ձեռքերից, հագուստից և խալաթից:

Քննություն է տարվում՝ պարզելու վարակի առաջացման աղբյուրը, տարածման եղանակը,   նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների, սանիտարական կանոնների և նորմերի պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։