Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ. Yerkir.am-ին տեղեկացնում է այգու մամուլի ծառայությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել:
Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:
Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: