կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 17:53
Քաղաքական

Բացառելով անձնական-կուսակցական նեղ շահերը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բացառելով անձնական-կուսակցական նեղ շահերը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հայաստանի Հանրապետության ազգային և պետական անվտանգության կարևորագույն բաղադրիչ է իրավունքի գերակայությունը, իրավունքի գերակայության նախապայման է դատական իշխանության անկախությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դատական իշխանությունը ժամանակակից ժողովրդավարական պետության երեք կարևոր և հավասարազոր հենասյուներից մեկն է: Այն կարևոր դեր և գործառույթներ ունի իշխանական մյուս երկու թևերի հետ հարաբերություններում: Դատական իշխանությունն ապահովում է, որ կառավարությունը և վարչական ապարատը հաշվետու լինեն իրենց գործողությունների համար: Օրենսդրի առնչությամբ այն ներգրավված է պատշաճ ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու գործում:

Առավել կամ պակաս չափով դատական իշխանությունն ապահովում է, որ օրենքները համահունչ լինեն սահմանադրությանը: Իշխանական մյուս երկու թևերի առնչությամբ իր այս գործառույթը կատարելու համար դատական իշխանությունը պետք է անկախ լինի այդ մարմիններից, այդ թվում պետք է զերծ լինի նման մարմինների հետ ոչ պատշաճ կապերից կամ նրանց ազդեցությունից:

Դատական իշխանության և, ընդհանրապես, դատավորների անկախությունը հանդիսանում է անաչառության երաշխիք, և սա իր հետևանքն է թողնում դատավորի վրա նրա գործունեության ողջ ընթացքում՝ նշանակումից սկսած: Դատավորների նշանակման կամ առաջխաղացման հիմքը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում նշվում է. «Դատավորների առաջխաղացումը պետք է հենվի օբյեկտիվ գործոնների, մասնավորապես, կարողությունների, բարեվարքության և փորձառության վրա»:

Անդրադառնալով ՀՀ բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության իրավակարգավորումներին, հարկ ենք համարում ահազանգել, որ դատավորների նշանակման հարցում ուղղակի քաղաքական ներգրավվածության մեծ ռիսկ կա: Այն իրավակարգավորումը, որ բարձրագույն դատական ատյանի դատավորն ընտրվում է խորհրդարանի կողմից, անշուշտ, նպատակ է հետապնդում, որ իրավունք արարող դատական բարձրագույն ատյանին իր գործառույթների կատարման համար փոխանցվի լրացուցիչ ժողովրդավարական լեգիտիմություն: Սակայն մեծ է վտանգը, որ խորհրդարանի կողմից նման ընտրությունը կարող է դառնալ նեղ կուսակցական-քաղաքական նկատառումների խնդիր:

Ինչպես ցույց են տալիս խորհրդարանի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործընթացները, ՀՀ ազգային ժողովի կողմից բարձրագույն դատական ատյանի դատավորի ընտրությունն ընթանում է հենց այդ ռիսկայնությամբ, որի պարագայում ժողովրդավարական լրացուցիչ լեգիտիմության փոխանցման գաղափարն անտեսվում է՝ տեղը զիջելով անձնական-կուսակցական նկատառումներին, ինչը ոչ միայն դատական իշխանության անկախության, այլև պետության անվտանգության համար հղի է լուրջ վտանգներով:

Դատական իշխանության անկախության և պետության անվտանգության համակողմանի ապահովման շահերից ելնելով՝ առաջարկում ենք երկրի բարձրագույն դատական ատյանի դատավորների վերջնական ընտրության իրավունքը վերապահել սահմանադրական բարձր լիազորություններով օժտված պետական մարմնին՝ Բարձրագույն դատական խորհրդին, որի սահմանադրական առաքելությունը հենց դատարանների և դատավորների անկախության ապահովումն է: Բարձրագույն դատական խորհրդի կողմից երկրի բարձրագույն դատական ատյանի դատավորների վերջնական ընտրությամբ ոչ միայն կապահովվեն ՄԱԿ-ի սկզբունքներով նշվող նշանակման և առաջխաղացման օբյեկտիվ գործոնները, այլև կբացառվեն դատական իշխանության անկախությանը հակոտնյա անձնական-կուսակցական նեղ շահերը: