կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:31
Տարածաշրջան

Թուրքիան Հունաստանին կոչ է անում ապառազմականացնել կղզիները

Թուրքիան Հունաստանին կոչ է անում ապառազմականացնել կղզիները

Թուրքիան Հունաստանին կոչ է անում ապառազմականացնել  Թուրքիայի ափերի մոտ տեղակայված Էգեյան կղզիները՝ համաձայն Լոզանի պայմանագրի:

«Մենք մեր պահանջն առաջ ենք քաշում միջազգային իրավունքի հիման վրա: Ի՞նչ է ասում Լոզանը: Չի կարելի ռազմականացնել կղզիները, բայց, ինչպես տեսնում եք, Հունաստանը դա արեց»,- Hürriyet-ի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրքիան նշում է, որ 1923 թ. Լոզանի պայմանագիրը և 1947 թ. Փարիզի հաշտության պայմանագիրը պահանջում են, որ Հունաստանի Էգեյան կղզիներն ապառազմականացվեն: Ըստ Թուրքիայի՝ Հունաստանը զինել է 23 կղզիներից 16-ը՝ 1936 թվականից ի վեր՝ խախտելով միջազգային իրավունքը:

Հունաստանը նշում է, որ հանգամանքները կտրուկ փոխվել են, և սահմանափակումներն այլևս չեն գործում: Լոզանը նախատեսում էր Հունաստանի Լիմնոս և Սամոթրակիա կղզիների, Դարդանելի, Մարմարա ծովի և Բոսֆորի նեղուցի, ինչպես նաև թուրքական Իմբրոս կղզիներ (Գյոքչեադա), Թենեդոս (Բոզջաադա) և Ճագարի կղզիների (Թավշան) ապառազմականացում: Հունաստանի ԱԳՆ-ն ասում է, որ այս պահանջը վերացվել է 1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիայով`վկայակոչելով փաստաթղթի նախաբանը, որում ասվում էր, որ Մոնտրյոյի կոնվենցիան ամբողջությամբ փոխարինում է Լոզանի պայմանագիրը:

Լիմնոսը և Սամոթրակիան ռազմականացնելու՝ Հունաստանի իրավունքը ճանաչել է Թուրքիան Աթենքում Թուրքիայի դեսպանի՝ 1936 թվականին ուղարկած պաշտոնական նամակով: 1947-ի ապրիլին Իտալիայի և դաշնակիցների միջև Փարիզի խաղաղության պայմանագրի դրույթները նախատեսում էին Էգեյանի հարավ-արևելքում գտնվող Դոդեկանյան կղզիների ապառազմականացում: Հունաստանն ասում է, որ Թուրքիան չի ստորագրել պայմանագիրը, և ապառազմականացված կարգավիճակը կորցրել է իր էական նշանակությունը ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի ստեղծման հետ:

Աքարը քննադատել է նաև Հունաստանին`վեց մղոն ծովային սահմանի համար իր էգեյան ծովափից 10 մղոն օդային տարածքը պահանջելու համար:

«Ո՞ւր է սրա արդարությունը: Մենք ոչ մի բան չենք պաշտպանում, բացի մեր իրավունքներից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Հունաստանը պնդում է, որ իրավունք ունի ընդլայնելու իր տարածքային ջրերը 6-ից մինչև 12 ծովային մղոն` համաձայն ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի: Թուրքիան կոնվենցիայի մաս չէ և Հունաստանի ցանկացած միակողմանի քայլ պատերազմի պատճառ է համարում: